Նախարարը՝ մշակութային օջախները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի մասին
ՀՀ քաղաքաշինության նախարարը նախօրեին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է հանրապետությունում գործող մշակութային օբյեկտների` հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված լինել-չլինելու խնդրին:
Իրավիճակի գնահատման համար նախարարը հանձնարարել է աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությանը` այս համատեքստում սեղմ ժամկետում ուսումնասիրություններ կատարել ՀՀ տարածքում` ներկայացնելով գործող մշակութային օջախներում տիրող պատկերը, մասնավորաբար` ինչ վիճակում են մուտքերը, ինչ տոկոս են կազմում թեքահարթակներ ունեցող օբյեկտներն ընդհանուրի մեջ և այլն: Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀՀ քաղաքաշինության նախարարը նշել է, որ տվյալների հավաքագրումից և իրավիճակը գնահատելուց հետո միայն հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել խնդրին լուծում տալու նպատակով:
Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև դեռևս հոկտեմբերի 6-ին մեկնարկած «Երևանյան ճարտարապետական բիենալե-2014» համահայկական մրցույթ-ցուցահանդեսի ընթացքին: Այս առումով զեկուցվել է, որ առաջիկայում մասնագիտական ժյուրին փակ, գաղտնի կարգով գնահատելու է ներկայացված աշխատանքներն` ըստ համապատասխան չափորոշիչների, ինչին կհաջորդի արդյունքների ամփոփումը, ապա` կհայտարարվեն հաղթողները:
Մրցույթ-ցուցահանդեսը ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կգործի մինչև նոյեմբերի 6-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան