Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա. Զ. Պետրոսյան
Այս գիշեր, բացառությամբ Արարատյան դաշտում, օդի ջերմաստիճանը նվազել է. մասնավորապես, լեռնային շրջաններում ջերմաստիճանն իջել է մինչև - 6 աստիճան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` հավելելով, որ ջերմաստիճանի նվազումը պայմանավորված է հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ:
Սակայն, ըստ նրա, առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, որը, սակայն կխախտվի առաջիկա շաբաթ-կիրակի օրերին:
«Շաբաթ և կիրակի օրերին դարձյալ տեղումներ են սպավում` անձրևների տեսքով և հիմնականում հյուսիսային շրջաններում: Թեև տեղումներ սպասվում են նաև Երևանում և հարավային շրջաններում»,- նշեց Զ.Պետրոսյանը:
Նրա խոսքերով` վաղվանից Արարատյան դաշտում կսպասվի ջերմաստիճանի բարձրացում, որը կպահպանվի մինչև հոկտեմբերի 25-ը: Այսպիսով, վաղը գիշերը Արարատյան դաշտում կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ հողի մակերևույթին չի բացառվում 1-2 աստիճան ցուրտ: Ցերեկը ջերմաստիճանը կլինի 14-17 աստիճան, իսկ հաջորդ երկու օրերին ևս մեկ աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա։
«Հովտային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կլինի մինչև 18 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում` մինչև 14 աստիճան տաքություն։ Լեռնային շրջաններում այս գիշեր կլինի մինչ հինգ աստիճան ցուրտ, իսկ հետո կբարձրանա՝ հասնելով մինչև մեկ աստիճանի»,- ասաց Զ.Պետրոսյանը։
Իսկ թե ինչպիսի՞ ձմեռը կլինի, Զ. Պետրոսյանն ասաց, որ դեռ չի կարող հստակ պատասխանել:
«Մեկ անգամ ցուրտ օդի ներթափանցմամբ չի կարելի եզրակացնել, թե ինչպիսին կլինի ձմեռը»,- ընդգծեց նա: