Արտիստիզմով աչքի ընկած ժամկետային զինծառայողներն արձակուրդ են ստացել
Երևանի կրկեսի կոլեկտիվը վերադարձել է Արցախից, ուր հյուրախաղերի էր մեկնել և 10 օր շարունակ իր յուրօրինակ ելույթներով ուրախացրել հայրենիքի պաշտպաններին՝ ԼՂՀ Զինված ուժերի զինծառայողներին: Այս մասին հայտնում է Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայությունը:
Այս տարվա հյուրախաղերի ծրագրում երեք նոր համար էր ընդգրկված: Առաջնագծում ծառայող մեր զինվորականները մեծ հիացմունքով և բուռն ծափահարություններով են ընդունել կրկեսի երիտասարդ արտիստ Համլետ Օհանյանին և նրա ցուցադրած գլխարկներով ձեռնածության համարը: Այն նույն համարը, որի կատարմամբ ժամանակին իր ասպարեզում փառքի ու մեծ ճանաչման էր արժանացել այժմ Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը: Նաև այդ առումով պարտավորեցնող համարն անթերի կատարելու համար 17-ամյա Համլետը 6 տարի շարունակ հղկում ու կատարելագործում էր իր կատարողական տեխնիկան: Դատելով հանդիսատեսների հիացական արձագանքից, Համլետի առաջին ելույթը՝ Արա Գևորգյանի «Արցախ» կոմպոզիցիայի երաժշտության ներքո, իսկապես անթերի ստացվեց: Ոչ պակաս հիացմունքով է հանդիսատեսն ընդունել մյուս երկու նոր համարները. Արսեն Կիրակոսյան և Արման Գաբրիելյան դուետի ցուցադրած գնդակներով կոմիկական ձեռնածությունը, ինչպես նաև Անի Գասպարյանի «Անտիպոդ» ակրոբատիկ համարը:
Այս անգամ կրկեսային ծրագրում ևս մեկ նորամուծություն էր տեղ գտել. դերասանները զինվորներին առաջարկել են իրենց ինչ-որ հետաքրքիր համար ցուցադրել: Պարտադիր չէր՝ կրկեսային հնարքներ, կարելի էր նաև երգել, պարել կամ մարմնամարզական ակրոբատիկայի տարրեր ներկայացնել: Զինվորներն անարձագանք չեն թողել առաջարկությունը, իսկ հաղթողին որոշել են հենց իրենք՝ զինծառայողները, ում ելույթն ամենից բարձր և բուռն ծափահարությունների է արժանացել, նա էլ հաղթող է ճանաչվել: Իսկ հաղթողի մրցանակն արտահերթ արձակուրդն էր, որի վերաբերյալ կրկեսային թատերախումբը գլխավորող, Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը նախօրոք պայմանավորվել էր ԼՂՀ բարձրագույն զինվորական ղեկավարության հետ:
Սկսած 1999 թվականից, Երևանի կրկեսի ստեղծագործական կոլեկտիվը յուրաքանչյուր տարի համերգային ելույթներ է կազմակերպում Արցախի տարբեր զորամասերում:
Երևանի կրկեսը հյուրախաղային ծրագրով մտադիր է առաջիկայում մեկնել Լոռու մարզի քաղաքներ: