«KERBEDANZ JW»-ն նախաձեռնում է հիմնել հայ-շվեյցարական ժամագործության և ոսկերչական զարդերի դպրոց (լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը և ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը այցելել են «KERBEDANZ JW» հայ-շվեյցարական ժամագործական ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանն ու հետագա ծրագրերին: Ընկերության ներկայացուցիչը հյուրերին է ներկայացրել ժամացույցների և ոսկերչական զարդերի եռաչափ մոդելավորման դպրոց հիմնելու ծրագիրը՝ կարևորելով դպրոցի հիմնադրման և զարգացման հեռանկարները:
«Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակում շվեյցարական ստանդարտներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստումը հանդիսանում է դպրոցի հիմնական առաքելությունը: Դպրոցի լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռվի Շվեյցարիայում մասնակցել գործնական դասընթացների և աշխատանքի անցնել «KERBEDANZ JW» ընկերությունում», -նշել է նա:
Life.panorama.am-ին ընկերությունից հայտնել են, որ դպրոցի հիմնադրման գաղափարը քննարկվել էր «Concepto» ժամագործական ընկերության ներկայացուցիչների հետ՝ դեռևս ապրիլ ամսին «KERBEDANZ JW» ընկերություն կատարած այցի ժամանակ:
«Concepto» ընկերությունը հանդիսանում է շվեյցարական մեխանիզմներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը, որի կողմից արտադրված մեխանիզմները օգտագործում են շվեյցարական ժամացույցների ամենահայտնի և հեղինակավոր բրենդերը, որոնց թվում են` Graff, deGrisogono, Louis Monnet, Bvlgari և այլն: ՀՀ-ում ժամագործության զարգացմանը միտված ծրագրերը իրենց նպաստը կունենան ոլորտի առաջխաղացման, ինչպես նաև բարձրակարգ և ոճային ժամագործական արտադրանքի միջազգային ճանաչման գործում: Ծրագրերը կլինեն շարունակական, որոնց շրջանակում ժամանակ առ ժամանակ Հայաստան կայցելեն Շվեյցարիայի ժամագործության ոլորտի հեղինակավոր մասնագետներ, ինչի արդյունքում կամրապնդվի կապը «KERBEDANZ JW» ընկերության և շվեյցարական արտադրողների միջև՝ հնարավորություն ընձեռելով հայ մասնագետներին որոշակի մասեր արտադրել շվեյցարական բրենդերի համար: