Գայլերի ավելացող հարձակումները էկոհամակարգի խախտվածության արդյունք են. բնապահպան
Անպայման պետք է հատուցել այն գյուղացիներին, որոնք տուժել են գայլերի հարձակումներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ շեշտելով, որ գայլերի մասսայական որսով հարձակումը գյուղերի վրա չեն կանգնեցնի, քանի որ հարձակման մեջ ավելի լուրջ խնդիրներ կան:
«Գայլերի ավելացող հարձակումները էկոհամակարգի խախտվածության արդյունք են: Անտառների ոչնչացմամբ, որսորդությունը, բնական էկոհամակարգերի ոչնչացումը գայլերի կերային բազան են ոչնչացնում»,-նշեց բնապահպանը։
Հանդիպմանը ներկա Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ հայտնեց, որ գայլերի նկատմամբ սպանդը կանխելու նպատակով նամակով դիմել են վարչապետին, սակայն որևէ արձագանք չեն ստացել: Նամակում առաջարկվել է գայլերի չափավոր որս կատարել, ստեղծել արհեստական կերակրաբազա գայլերի համար, հնարավորություն տալ տնտեսություններին ձեռք բերել գելխեղդ շներ, ինչպես նաև դադարեցնել որսը այն կենդանիների նկատմամբ, որոնք գայլերի համար կերակուր կարող են լինել:
Վերջում Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգողն ավելացրեց, որ նույնիսկ BBC հեռուստաընկերությունից են իրեն զանգահարել և խնդրել՝ պահանջել իշխանություններից դադարեցնել գայլերի սպանդը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ գայլերին սպանելու պարգևավճարներ հատկացնելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը կտրվի 20 միլիոն դրամ։ Գումարը նախատեսված է 200 գայլի համար՝ յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգևավճարը կազմում է 100 հազար դրամ։