«Գիտելիքով օժտված մարդն անպարտելի է»
«Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է մեր երկրի համար»: Հանրակրթական դպրոցներում 2014-2015 թթ. ուսումնական տարում «Պատանի երկրապահ» ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ այսօր իրականացվում են մի շարք միջոցառումներ երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված, որոնց թվում է նաև հենց այս ձեռնարկը:
ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարություններն ու «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ն այս տարվա սեպտեմբերի 9-ին կնքել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությունը: Այս ուղեցույցի նյութերը մշակվել են հենց այս հուշագրի հիմք վրա՝ Կրթության ազգային ինստիտուտի աջակցությամբ: Ուղեցույցի նպատակն է օգնել ուսումնական հաստատություններին՝ սովորողների հայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումներն իրականացնել պատշաճ մակարդակով՝ ապահովելով դրանց արդյունավետությունը:
«Երկրապահի երրորդ համագումարի ժամանակ սպարապետ Վազգեն Սարգսյանը նման խոսք ասաց՝ մեր երեխան դեռ դպրոցից պետք է իմանա ով է, որտեղից է գալիս, ուր է գնում: Պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ փորձեցինք սպարապետի արտահայտած միտքը վերածել ծրագրի»,- ասաց ԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ գիտելիքով օժտված մարդն անպարտելի է. «Կարծում եմ՝ մի օր գիտելիքն առաջ կանցնի ուժից, ռազմական նպատակներից, այնպիսի միջավայր կստեղծվի, որ գիտելիքահեն գործունեությամբ մենք գրեթե կբացառենք ռազմական գործողությունները, ավելի ամուր կդարձնենք մեր երկրի ապագա զարգացումը»:
Ձեռնարկի շնորհանդեսին ներկա կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, Հայաստանում դպրոցը եղել է, կա և կմնա ազգային, այդ թվում մի շարք առարկաների, արտալսարանային աշխատանքների շնորհիվ:
«Նախարարությունն իր գործընկերների՝ պաշտպանության նախարարության, «Երկրապահի», Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հետ միասին իրականացնելու է ազգային կրթական հայեցակարգ, ծրագիր: Մեր գերագույն նպատակն է ստեղծել մի համակարգ, որի կիրառման արդյունքնում կունենանք իրական քաղաքացի, իրական հայ մարդ»,- ասաց Ա. Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ