Պաշտպանության նախարար. Զորակոչերի ընթացքում եղել են թերություններ
«Ակնհայտ է, որ զորակոչի իրականացման ողջ գործընթացը տարեցտարի կատարելագործվում է: Ինձ համար սկզբունքային է, որ այդ գործընթացում մաքսմիալ ազնվության և արդարության պայմաններ ստեղծվի, որ հայ զինվորը, քաղաքացին, տղամարդն ինքնակամ, հայրենասիրությամբ տոգորված գնա ու իր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարի»,- հանրակրթական դպրոցներում 2014-2015 թթ. ուստարում «Պատանի երկրապահ» ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ նախկին զորակոչերի ընթացքում եղել են թերություններ, բացթողումներ, որոնք հիմնականում վերաբերում են տարբեր հանձնաժողովների աշխատանքների արդյունքում հայտնաբերված փաստաթղթերի ոչ լիարժեք առկայությանը, բժշկական գործընթացում որոշակի թերություններին, իսկ հավաքակայանում բաշխման գործընթացը մաքսիմալ արդարություն է ապահովում:
«Ձմեռային զորակոչը լինելու է հունվարին: Զորակոչի ընթացքում, համագործակցելով իրավապահ մարմինների, վերահսկիչ տարբեր կառույցների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, կապահովենք զորակոչը»,- ասաց Ս. Օհանյանը: