Մկնդեղի գերեզմանոցի վերաբերյալ եզրակացությունը պատրաստ կլինի դեկտեմբերի սկզբին
Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի վերաբերյալ ԵԱՀԿ փորձագետները եզրակցություն կներկայացնեն դեկտեմբերի 5-ին: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ մարզպետարանից:
Դեռևս խորհրդային տարիներին Ալավերդու պղնձաձուլական գործարանն ունեցել է պղնձի ռաֆինացման արտադրամաս: Պղինձը զտվել է և ծանր մետաղներ, վնասակար էլեմենտներ պարունակող թափոններն ամբարվել են այդ նպատակով կառուցված մկնդեղի գերեզմանոցում, որն իրենից ներկայացնում է բետոնե կառույց: Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ հետագա տարիներին, տեղի բնակչության շրջանում լուրեր են տարածվել, թե այդ խարամներում ոսկու պարունակություն կա: Բնակիչները սկսել են փորել գերեզմանոցը՝ ոսկի գտնելու ակնկալիքով:
Մինչդեռ մասնագետների վստահեցմամբ՝ մկնդեղի գերեզմանոցում պահեստավորված թափոնները ոսկի պարունակել չեն կարող:
Բետոնե կառույցը տարիների ընթացում քայքայվել, խարխլվել է, չունի տանիք, իսկ թունաքիմիկատների արտահոսքի դեպքում լուրջ վտանգ է սպառնում: Ալավերդու քաղաքապետարանի միջոցներով տեղանքն ուսումնասիրելու և հնարավոր վտանգը կանխելու հնարավորություն չկա՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով: Դա նկատի առնելով՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԵԱՀԿ-ին՝ խնդրելով ցուցաբերել տեխնիկական աջակցություն:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ի պատասխան մարզի ղեկավարի նամակին՝ օրերս Լոռու մարզում էին ԵԱՀԿ ներկայացուցիչները:
Նրանք մարզի ղեկավարին ներկայացրել են այցի նպատակը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել խնդրի շուտափույթ լուծմանը:
«Մեզ համար միայնակ դժվար կլիներ հարցին լուծում տալը»,- ասել է մարզպետը՝ նշելով, որ արտասահմանցի փորձագետների մասնագիտական և տեխնիկական աջակցությունը դրական ազդեցություն կունենա խնդրի օպերատիվ լուծման համար:
Մարզպետարանի պաշտոնյանները հայտնել են, որ 2010 թվականին տեղանքի սեյսմակայունությունը, շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների ազդեցության աստիճանը որոշելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ուսումնասիրություն կատարվել է: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ տեղանքը լուրջ վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար: Սակայն հաշվի առնելով, որ մկնդեղի գերեզմանոցը գտնվում է սեյսմիկ գոտում, կառույցը ծածկ չունի և մակերևութային և մթնոլորտային ջրերը ներ են թափանցում, ակնառու է դառնում սպառնալիք վտանգի մեծությունը:
ԵԱՀԿ ներկայացուցիչները վստահեցրել են, որ տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրություն կկատարվի, ցուցանմուշներ կվերցվեն հողից, բուսականությունից և ջրից՝ որոշելու համար թունաքիմիկատների տարածման աստիճանը և նրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, կորոշվի նաև կառույցի տեխնիկական վիճակը: Արդյունքների ամփոփումից հետո ԵԱՀԿ-ն ԱԻՆ-ի, Լոռու մարզպետարանի և Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ ծրագիր կմշակի հետագա գործողությունների իրականացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ