«Լեզվի տեսչությունը դժգոհ է եթերից հնչող խոսքից». Հեռուստատեսության համաշխարհային օրն է
Հեռուստատեսության լեզվի մակարդակն այսօր չի բավարարում հասարակությանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1996 թվականի դեկտեմբերի 17-ին, նոյեմբերի 21-ը հռչակել է որպես հեռուստատեսության համաշխարհային օր:
«Թյուր կարծիք կա, թե հասարակությունը ցածրարժեք խոսքի է սովոր, իսկ մեր լրագրողներն ու հեռուստաընկերությունները մատուցում են այդ խոսքը: Հեռուստասերիալների, հումորային հաղորդումների, առանձին հաղորդաշարերի տեսքով եթեր է բարձրանում փողոցային, ժարգոնային խոսքը»,-ասաց Մարինե Հովյանը:
Ըստ նրա՝ հեռուստատեսությամբ հնչող խոսքը հիմնականում համակարգված չէ և լի է օտարաբանությամբ:
Լեզվի պետական տեսչությունը չունի օրենքով սահմանված լիազորություններ, որ պատասխանատվության ենթարկի այն հեռուստաընկերությանը կամ անձին, որը եթերով աղավաղված խոսք է հնչեցնում. «Չկա Վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված պատասխանատվություն: Սակայն ակնկալում ենք առաջիկայում համապատասխան օրենսդրական լրացումներ, որոնցով հնարավորություն կունենանք շտկել ներկա իրավիճակը»:
Մասնագետն ընդգծեց նաև, որ հեռուստալրագրողների խոսքն անչափ արագ է, սխալ շեշտադրությամբ, ինչը տհաճ է հեռուստադիտողի համար: