«ICANN»-ը որոշում է կայացրել գրանցել «.հայ» նոր դոմենային անուն
«ICANN» կազմակերպությունը նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել գրանցել համացանցային «.հայ» նոր դոմենային անունը: «.հայ» անվան գրանցումից հետո սկսվում է տեխնիկական համաձայնեցումների մի գործընթաց, որի տևողությունը 3-6 ամիս է գնահատվում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը բոլորին հնարավորություն կտա իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ:
«.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում: Միևնույն ժամանակ կնպաստի հայոց լեզվի կիրառման ընդլայնմանը ինչպես առօրյայում, այնպես էլ Հայաստան- Սփյուռք կապերի հետագա ընդլայնման հարցում:
«.am» դոմենային անունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը նույն թվականին ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ում կվերապահվի նաև «.հայ» դոմենային անունը գրանցելու իրավունքը: