Հունվար-սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է 9525 արտակարգ դեպք
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2014 թ. հունվար-սեպտեմբերին արտակարգ պատահարների վիճակագրական տվյալները, նշեց, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է 9525 արտակարգ դեպք-պատահար, որի արդյունքում զոհվել է 445, տուժել` 6702-ը:
Նրա խոսքերով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 85%-ով աճել են տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը, տարին հագեցած էր նաև տարերային բնույթի դեպքերով: Մասնավորապես, գրանցվել է 111 ուժեղ քամու դեպք, ինչը Հ. Խանգելդյանը համարում է աննախադեպ:
9 ամսվա կտրվածքով արտակարգ իրավիճակների «911» միասնական համարն ընդունել է 1 մլն 117 հազար զանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 77 հազարով ավելի է:
«Բոլոր դեպքերին տրվել է համապատասխան օգնություն»,- ասաց Հ.Խանգելդյանը` հավելելով, որ 9 ամիսների ընթացքում փրկարարներին հաջողվել է փրկել 133 մարդու կյանք, ինչը նախորդ տարվա համեմատ 21-ով ավելի է:
«Ցավոք սրտի, այս տարի հրդեհների հետևանքով ունեցել ենք 24 զոհ, 7-ի կյանքը հաջողվել է փրկել»,- ընդգծեց Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը:
Նա նշեց նաև, որ այս տարի գրանցված ամենախոշոր դեպքը Շիրակի մարզում տեղի ունեցած վթարն էր:
Հ. Խանգելդյանն ասաց նաև, որ Ճգնաժամային կառավարման կենտրոնում զավեշտալի զանգեր էլ են լինում, բայց ընդհանուր առմամբ յուրաքանչյուր զանգի ետևից փրկարարները գնում են:
«Զավեշտալի զանգեր էլ են լինում, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները առնետ կամ միջատներ են տեսնում, զանգում, կանչում են»,- ասաց Հ. Խանգելդյանը` հավելելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեր ժողովրդի կողքին է և իրենք ամեն ինչ անում են, որպեսզի բոլորին օգնեն: