Հոգևոր ծառայությունը` քրեակատարողական հիմնարկներում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, պայմանագիր կնքվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական ծառայությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը կարգավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պայմանագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հոգևոր ծառայության նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանը, աջակցել դատապարտյալների ուղղման աշխատանքներին, բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր, կրոնական և ծիսական պահանջմունքները, քրեակատարողական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` նպաստել պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքին ներգրավմանը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը ազատազրկվածների կյանքում մեծ նշանակություն ունի: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ այսօր ունի իր սրբատեղին:
«Հոգևոր ծառայության կարևոր նշանակությունը անժխտելի է, դրա մասին խոսում են փաստերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն դատապարտյալները, ովքեր հոգևոր կապի մեջ են լինում այլևս հետ չեն վերադառնում քրեակատարողական հիմնարկներ: Պետությունը, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ամեն ինչ անելու է քրեակատարողական հիմնարկներում այս ծառայության հիմքերն ամուր պահելու համար»,- ասել է Հովհաննես Մանուկյանը և այս կարևոր ու անհրաժեշտ համագործակցությանը մաղթեց շոշափելի արդյունքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները