Սերգեյ Խաչատրյան. Պետք է սահմանել գովազդի ձայնի բարձրացման շեմը բոլոր հեռարձակողների համար
Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվում է մինչև մեկ տարի ժամկետով: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Այնուհետև երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության եզրակացությունը ներկայացրել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հեղինակի՝ Թևան Պողոսյանի կողմից: Հեղինակն առաջարկում է լրացնել ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը 3.2 մասով, որով կարգելվի գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումը: Պարոն Պողոսյանը օրենքի լրացումը հիմնավորում է նրանով, որ գովազդի հեռարձակման ժամանակ ձայնի կտրուկ բարձրացումը նպաստում է սթրեսային հիվանդությունների առաջացմանը և սրացմանը, երեխաների և մեծահասակների լսողական օրգանների ֆունկցիոնալ խանգարմանը, ինչպես նաև ազդում է վեգետատիվ ֆունկցիաների վրա: Նրա կարծիքով՝ օրենքի նախագծի ընդունումը կապահովագրի հասարակությանը գովազդի հեռարձակման հնարավոր վնասակար հետևանքներից:
Ծավալված քննարկման ընթացքում պատգամավորների կողմից հնչել են բազնաթիվ առաջարկներ, որոնք ընդունվել են օրինագծի հեղինակի կողմից: Պատգամավոր Շուշան Պետրոսյանն առաջարկել է մասնագիտական մոտեցում ցուցաբերել, հանգամանալից ուսումնասիրել տարբեր հեռուստաալիքներով տրվող հաղորդումների և գովազդի ձայնի բարձրացման աստիճանն ու պատճառները:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքները, որոնք նույնպես վկայում են, որ երբեմն գովազդի ընթացքում ձայնի բարձրացումը բերում է էմոցիոնալ անկայունության և նպաստում է նյարդային հիվանդությունների աճին: Փոխնախարարի կարծիքով՝ պետք է սահմանել գովազդի ձայնի բարձրացման շեմը բոլոր հեռարձակողների համար: Նախկինում եղել է հստակ չափանիշ՝ 40 դեցիբել, որի ազդեցությունը վնասակար չի եղել հեռուսատադիտողի վրա: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ամփոփելով հարցի քննարկումը, նշել է, որ խոսքը անբարեխիղճ գովազդի մասին է՝ անկախ նրանից ձայնն է կտրուկ բարձրանում, թե գույներն են արագ փոփոխվում: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ