Տուգանք` կես ամսվա ընթացքում մի քանի անգամ Մաքսային օրենսդրությունը խախտելու համար
«Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ընկերությունը վերջին կես ամսվա ընթացքում մի քանի անգամ խախտել է Մաքսային օրենսդրությունը, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանտվության:
Ֆինանսների նախարարության պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը հոկտեմբերի վերջին Բագրատաշենի անցակետով ներմուծել է դրոշմապիտակներ կոսմետիկ միջոցների համար: Ընկերության ձևակերպումների մասնագետը հայտարարագրման ժամանակ եվրոյի փոխարեն փոխարժեքը գրանցել է դրամով:
Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի կազմած ակտից տեղեկանում ենք, որ ձևակերպումների մասնագետ Արամ Միրզոյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ Մաքսային օրենսգրքի 203 հոդվածի առաջին մասին հատկանիշներով:
Հրավիրված նիստում պարզել է, որ անզգուշության հետևանքով ոչ ճշգրիտ տվյալներ լրացնելը չի առաջացրել մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում: Մաքսատան պետի տեղակալ Ա. Պապյանի որոշմամբ Մաքսային օրենսգրքի 203 հոդվածի առաջին մասի պահանջները խախտելու համար ընկերության ներկայացուցիչը տուգանվել է հիսուն հազար դրամով:
Պետի տեղակալի մեկ այլ որոշումից պարզ է դառնում, որ ընկերությունը նույն խախտումը կատարել է երկրորդ անգամ՝ կրկին դրոշմապիտակներ ներկրելիս: Այս անգամ էլ ընկերությունը օրենսդրության պահանջները խախտելու համար տուգանվել է հիսուն հազար դրամով: