Երբ բացակայում է որսորդական հմտությունը
Հնդկաստանի արգելոցում բենգալյան վագրը այծին ուտելու փոխարեն որոշել է նրա հետ ընկերանալ, ինչը չափազանց զարմացրել է արգելոցի աշխատակիցներին: Երկու օր շարունակ, թեպետ աշխատակիցները այլ սնունդ նրան չեն տվել, վագրը չի վնասել պոտենցիալ զոհին, փոխարենը նրա հետ խաղացել է: Ավելին` աշխատակիցները նկատել են, թե ինչպես է նա «կատակով» այծին բրդում գցում արհեստական լճակի մեջ: Ի վերջո, արգելոցի աշխատակիցները որոշել են այծին դուրս բերել վանդակից և վագրին կերակրել այլ սնունդով:
«Nat-Geo.ru» -ն գրում է, որ վագրի այդ պահվածքը այդպես էլ անընկալելի է մնացել: Կա կարծիք, թե տարիքի հետ վագրն ուղղակի կորցրել է իր որսորդական հմտությունները, բայց կենսաբանների կարծիքով` նա դրանք չի էլ ունեցել, քանի որ մայրը չի հասցրել ձագուկին սովորեցնել:
Բենգալյան այս վագրը մեկն է այն երեք ձագուկներից, որ 2009թ-ին փրկել էր անտառապանը` նրանց մայրն անհետ կորել էր ու ձագուկների գլխին ուղղակի սովամահ լինելու վտանգն էր կախված: Այս ընթացքում Բոր արգելանոցում բոլոր ձագուկները ուշադրության ու հոգածության կենտրոնում էին և ահա հիմա նրանց վանդակներ են սկսել բաց թողնել այլ կենդանիների, որպեսզի վագրերը կարողանան զարգացնել որսորդական հմտությունները: Ուշագրավն այն է, որ մյուս երկուսը անմիջապես սպանել են իրենց զոհերին` ի տարբերություն այս մեկի: