Orange-ի բոլոր ծառայությունների համար այժմ կարելի է վճարել առցանց` անմիջապես ArCa, MasterCard և Visa բանկային քարտերի միջոցով
Ամերիաբանկն Orange ընկերության հետ համատեղ հայտարարում է Orange-ի բաժանորդների համար առցանց (ինտերնետում) վճարումներ իրականացնելու ծառայության մեկնարկը: Այս մասին հայտնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Orange ընկերության հաճախորդներն այսուհետ կարող են բոլոր ծառայությունների համար վճարումներ կատարել առցանց` ArCa, MasterCard և Visa բանկային քարտերով։ Առցանց վճարումներն իրականացվում են www.orangearmenia.am կայքի միջոցով և անմիջապես փոխանցվում բաժանորդի հաշվեկշռին։
Բաժանորդը կարող է իրականացնել վճարումներ ցանկացած բանկի ArCa, MasterCard կամ Visa քարտով: Կիրառվող VbV (Verified by VISA) և SecureCode (3D Secure MasterCard) տեխնոլոգիաներն ապահովում են առցանց գործարքների իրականացման անվտանգության բարձր մակարդակ:
«Orange-ի և Ամերիաբանկի համատեղ այս նախագիծը ևս մեկ լուրջ քայլ է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում,- նշել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության պետ, ծրագրի համակարգող Բենիամին Թադևոսյանը,- առցանց առևտուր իրականացնող կայքերում ArCa, MasterCard և Visa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը և հետագա սպասարկումը հեշտացնելու նպատակով մենք մշակել ենք ծրագրային գործիք՝ vPOS (վիրտուալ տերմինալ), որը կարող է արագ տեղադրվել ինտերնետային կայքում` առանց մեծածավալ ծրագրավորման և կարգաբերումների անհրաժեշտության»: