WSJ. Հռոմի պապն անդրադառնալու է Թուրքիայում քրիստոնյաների խնդիրներին
Ամերիկյան հեղինակավոր The Wal Street Journal պարբերականը, անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս պապի Ստամբուլ կատարած այցին, գրում է, որ Պապը ուշադրության է արժանացնելու Թուրքիայի քրիստոնյաների խնդիրները և քրիստոնեական եկեղեցիների ու գույքի հարցում թուրքական կառավարության դիրքորոշումը:
Պարբերականի փոխանցմամբ` քրիստոնեական համայնքին հուզող խնդիրների շարքում են մասնավորապես 20-րդ դարի սկզբում «հույների և հայերի զանգվածային գաղթի և միլիոնավոր հայերի սպանությունների» ժամանակ առգրավված քրիստոնեական գույքը:
Թուրքիայի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները, պարբերականի դիտարկմամբ, ահազանգում են իրենց նկատմամբ կիրառվող խտրականությունների մասին և դժգոհություն հայտնում առ այն, որ Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության և քրիստոնեական ժառանգության նկատմամբ Իսլամական պետության կողմից իրականացվող վայրագությունները անհրաժեշտ կերպով չեն դատապարտվել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից: Մյուս կողմից խնդրահարույց է քրիստոնեական եկեղեցիների պահպանումը, քանի որ թուրքական կառավարությունը վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հնարավորություններ չի տալիս:
Նկատենք, որ թուրքական օրենքների պատճառով խնդիրներ են ի հայտ եկել նաև Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանում: Մասնավորապես` Մեսրոբ Մութաֆյանի` 2008 թ-ից Ալցհեյմերի հիվանդությամբ տառապելու պատճառով գործնականում նրա պարտականությունների կատարումը հանձնվել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Ստեղծված իրավիճակում Արամ Աթեշյանը դարձել է պատրիարքի փոխանորդ այն դեպքում, երբ եկեղեցական հիերարխիան չի նախատեսում նման պաշտոն:
Հիմք ընդունելով սույն իրավիճակը` հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են Թուրքիայի ներքին գործերի նախարարություն` նոր պատրիարքի ընտրության թույլտվություն ստանալու համար: Գերատեսչության կողմից խնդրանքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նոր պատրիարք չի կարող ընտրվել այնքան ժամանակ, քանի դեռ գործող պատրիարքը կենդանի է: Այս պահին համայնքը դատարանում վիճարկում է նոր պատրիարքի ընտրության արգելքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին