Շարմազանով. Սպեկուլյացիաների վերացում կամ գնաճի կանխում չէր լինի, եթե նախագահի հետևողական գործունեությունը չլիներ
«Եթե ձեզ թվում է, թե սպեկուլյացիաների վերացումը կամ գնաճի կանխումը օդից եղավ կամ ընդդիմադիր գործիչներն արեցին, սխալվում եք, դա չէր լինի, եթե նախագահի հետևողական գործունեությունը չլիներ»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ նման խուճապի ժամանակ նախագահը հանդես չեկավ հայտարարությամբ:
Նա նշեց, որ վարչապետը, Կենտրոնական բանկը և համապատասախան կառույցները բավարար բացատրություն տվել են, խնդիրը բաժանվում է երկու մասի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ. օբյեկտիվ պատճառներն են միջազգային շուկայում տեղի ունեցող վայրիվերումները, դոլար- ռուբլի փոխարժեքների տատանումները, որոնք ազդեցություն են ունենում նաև դրամի վրա, տրանսֆերտների կրճատումը, սուբյետիվ պատճառները՝ սպեկուլյատիվ երևույթները:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ անկախ նրանից, թե ովքեր են սպեկուլյացիաների հեղինակները, խստորեն դատապարտելի է. «Կան համապատասխան իրավաբանական մարմիններ, ովքեր կզբաղվեն դրանով, որովհետև չի կարելի խուճապի ժամանակ, երբ ժողովուրդը վատ վիճակում է, շահույթն ավելացնել»: