Երևանաբնակ զինծառայողները հնգօրյա արձակուրդից հետո վերադարձել են զորամասեր
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտից նախօրեին հնգօրյա արձակուրդից հետո երևանաբնակ զինվորներին ճանապարհել են զորամասեր: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ զինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողների դեկտեմբերի 21-ից կարճատև արձակուրդ էր տրվել:
Սա 2014 թվականի նմանատիպ վերջին նախաձեռնությունն էր, որում ընդգրկվել էին Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները:
2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով: