Ռուսաստանի միգրացիոն նոր օրենքն ուղղված է իր շուկան պաշտպանելուն. Գագիկ Մակարյան
«Եթե վերլուծենք Ռուսաստանի Դաշնության քայլերը, ապա կտեսնենք, որ գրեթե բոլորը քայլերը Հայաստանի համար դրական չեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` հավելելով, որ Ռուսաստանի բոլոր քայլերը անուղղակիորեն ազդեցություն են ունենում Հայաստանի վրա և լուրջ խնդիրներ են ստեղծում:
Մասնավորապես, ըստ նրա, Ռուսաստանի դեմ կիրառած սանկցիաների և ռուբլու արժեզրկման պատճառով տուժել է հատկապես Հայաստանից արտահանումը:
«Այսօր բազմաթիվ արտահանողներ վախենում եմ արտահանել, կամ դադարեցրել են արտահանումը, կամ էլ վնաս են կրում, քանի որ նրանք զրոյական եկամուտ են ունենում: Ցավոք սրտի, մեր իշխանություններն այս հարցում կոմպենսացիա չեն պահանջում Ռուսաստանից, և մենք այստեղ էականորեն տուժում ենք»,- նշեց Գ.Մակարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ ըստ իր տեղեկությունների, ռուսական կողմը նույնիսկ դիմել է հայկական ընկերություններին, որպեսզի վերջիններս ապրանքները էժան գնով արտահանեն, որպեսզի շահույթ ստանան, սակայն այս դեպքում հայ արտադրողներն են զրկվում շահութաբերությունից: Այդուհանդերձ, արտահանողները գնում են այդ քայլին, որպեսզի չկորցնեն ռուսական շուկան:
Անդրադառնալով Ռուսաստանի միգրացիոն նոր օրենքի կիրառմանը, Գ.Մակարյանը նկատեց, որ դրա պատճառը ոչ թե այն է, որ ՌԴ-ում անօրինակ աշխատողներն ավելի շատ էին, այլև Ռուսաստանը միգրացիայի խնդիր ունի:
«Այսօր ՌԴ քաղաքացիները հեռանում են այլ երկրներ աշխատելու, քանի որ այստեղ նույնպես աշխատատեղեր են կրճատվում: Հետևաբար` միգրացիոն նոր օրենքն ուղղված է իր շուկան պաշտպանելու համար, իր քաղաքացիներին աշխատանքի տեղավորման համար: Ռուսաստանի կողմից միգրացիոն օրենքի խստացումը միմիայն ի շահ այդ երկրի է»,- ընդգծեց Գ.Մակարյանը:
Նա նշեց նաև, որ դեռ պարզ չէ, թե Ռուսաստանը ապագայում ինչ ռազմավարություն կմշակի` կապված պատժամիջոցների, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Սակայն, ըստ Մակարյանի` այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը զիջումների չի գնալու, հետևաբար` ազդեցությունը, մասնավորապես, ռուբլու արժեզրկման վրա կշարունակվի:
«Այս ամենը մեր վրա լուրջ ազդեցություն է ունենալու: Միջազգային կազմակերպությունները կանխատեսում են, որ 2015թ-ին Հայաստանի տնտեսությունը կունենա զրոյական աճ: Հույս ունենանք, որ նախորդ տարի ընդունված բարեփոխումներն այս տարի կգործեն և մենք ինչ-որ արդյունք կունենանք: Հակառակ դեպքում տնտեսական աճը նույնիսկ զրոյից էլ ցածր է լինելու»,- ընդգծեց Գ.Մակարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, Գ.Մակարյանը նշեց, որ ԵՏՄ-ի շրջանակում մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է, քանի որ Բելառուսի և Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալը քիչ տոկոս է կազմում. Բելառուսի հետ առևտուրը Հայաստանի արտաքին առևտրի կազմում 0,8 տոկոս է, իսկ Ղազախստանի հետ՝ 0,2 տոկոս:
«Այսինքն՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը երբեք չի կարելի անտեսել: Եթե Ռուսաստանն այս իրավիճակից դուրս չգա, ապա մեր տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ կկանգնի»,- ընդգծեց Գ.Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ