«Մեր ազգային բանակն է մեր անվտանգության երաշխավորը». Հովհաննես Սահակյան
«Մենք պետք է ավելի ուշադիր լինենք այս օրերին»,- ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին:
Ըստ Հովհաննես Սահակյանի՝ հայկական կողմը որոշ դեպքերում անգամ պետք է նախահարձակ լինի. «Ադրբեջանի գործելաոճը թույլ մարդու գործելաոճ է: Արցախից մինչև Տավուշի մարզ նրանք փորձում են լարված պահել մեր ողջ սահմանը»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք պարտավոր չէ ՀԱՊԿ-ն արձագանքել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին, Սահակյանը պատասխանեց. «Մենք երբևէ չենք ասել, որ անվտանգության ապահովումը, բացի Թուրքիայի հետ սահմանը, Ռուսաստանը պետք է պահի, գա մեր փոխարեն մեր սահմանը պահի: Մեր ազգային բանակն է մեր անվտանգության երաշխավորը: Աստված չանի հասնենք այն վիճակին, որ անհրաժեշտ լինի Ռուսաստանի կամ ՀԱՊԿ ուժերի միջամտությունը»:
Հովհաննես Սահակյանը անդրադարձավ նաև ԱԺ-ում Պետաիրավական հանձնաժողովի կատարելիք գործունեությանը: Նա նշեց, որ հանձնաժողովը նոր նստաշրջանում կունենա բազմաթիվ նախագծեր: Ըստ Սահակյանի՝ ԱԺ քննարկմանը կներկայացվի ՀՀ-ում ԴՆԹ թեսթերի անցկացման հետ կապված օրենսդրական բազան:
Հովհաննես Սահակյանը նշեց. «Հանցավորության բացահայտման մակարդակը չորսից հինգ անգամ ավելանում է այն երկրներում, որտեղ անցկացվում են ԴՆԹ թեսթեր»: