Սպառողները ճիշտ չեն արձագանքում թանկացումներին. Մելիտա Հակոբյան
Դրամի արժեզրկումից հետո սպառողական շուկայում գնային փոփոխություններ տեղի ունեցան, ինչը տնտեսվարողները պատճառաբանում էին հումքի թանկացման հետ, սակայն դոլարի կուրսը կարգավորվում է, իսկ շուկայում թանկացումները դեռ շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիետա Հակոբյանը:
Նրա խոսքերով` ռուսական ռուբլու արժեզրկումից հետո ՀՀ կենտրոնական բանկը ինչ-որ ժամանակ կարողացավ զսպել դրամի արժեզրկումը, բայց որոշ ժամանակ անց դոլարը նորից թանկացավ` հասնելով նույնիսկ 700 դրամի, ինչի արդյունքում շատ տնտեսվարող սուբյեկտներ մեծ կորուստներ ունեցան այդ ժամանակահատվածում:
«Իհարկե շատերն էլ օգտվեցին ստեղծված իրավիճակից: Ամանորից առաջ ներմուծված շատ ապրանքներ կապ չունեին դրամ-դոլար տատանումների հետ, քանի որ դրանք ներմուծվել էին նախքան թանկացումները, բայց շուկայում թանկացումները համատարած բնույթ կրեցին»,- նշեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահը:
Մ.Հակոբյանը նշեց, որ թանկացման համար իր մեղավորությունն ունեն նաև սպառողները, քանի որ ժամանակին չեն արձագանքում և չեն բողոքում:
«Ցավում եմ, որ մեր սպառողները ճիշտ չեն արձագանքում: Թանկացումների ողջ ընթացքում միությունը 5-ից ավելի զանգ չի ստացել: Եթե հարցը մարդկանց անհատապես է վերաբերում, ապա ամեն ինչ անում են խնդիրը լուծելու համար, իսկ երբ ժողովուրդն է կորուստ կրում, ոչ ոք չի արձագանքում: Չեմ հասկանում ժողովուրդը քնա”ծ է, թե հոգնած: Մարդկանց կարծես թե ոչ մի բան չի հետաքրքրում: Թող մեզ դիմեն, մենք էլ կլինենք սպառողների կողքին: Հիշեք, եթե երեխան չի լացում, մայրը չի կերակրում»,- ասաց նա:
Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ հայտնեց, որ 2014թ-ի նոյեմբերից սպառողական շուկայում միջինում 30- 60 տոկոս թանկացումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, ըստ նրա, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ հացամթերքը թանկացել է 10-20 դրամով, կաթնամթերքը` 40 տոկոսով:
Ռ. Հայթյանն ասաց, որ որոշ կաթնամթերք արտադրող ընկերություններ պաղպաղակ են արտահանել Ռուսաստան, սակայն ռուբլու արժեզրկումից հետո տարեվերջին չեն ստացել իրենց եկամուտը, այդ իսկ պատճառով էլ թանկացրել են իրենց արտադրանքը:
«Այսինքն` մեկ տարի եկամուտ չեն ստացել և հնարավոր է սնանկանան»,- հավելեց Հայթյանը: Սակայն, ըստ նրա, ոչ բոլոր թանկացումներն են հիմնավորված: