Հակառակորդը թանկ է վճարել հայ զինվորների թափած արյան համար. գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան
ՀՀ Նախագահի հրամանագրով Զինված ուժերի գնդապետ Օնիկ Գասպարյանն այսօր ստացավ գեներալ-մայորի կոչում: Նախագահական նստավայրում ելույթ ունենալով՝ նա նշեց, որ յուրաքանչյուր զինվորականի համար պատիվ ու հպարտություն է գերագույն գլխավոր հրամանատարից պարգև ստանալը:
«Բայց առավել մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է՝ մեր առջև դրված խնդիրները ավելի արդյունավետ կատարելու համար: Մարտական առաջադրանքների կատարման ընթացքում, ցավոք, մենք ունեցանք կորուստներ, մեր զինակից ընկերները հայրենիքի առջև իրենց պարտքը կատարեցին մինչև վերջ: Հավերժ փառք մեր զոհված ընկերներին»,-ասաց Օ.Գասպարյանը` հավելելով, որ հակառակորդը թանկ է վճարել հայ զինվորների թափած արյան համար:
«Պարո՛ն Նախագահ, բոլորիս անունից վստահեցնում եմ Ձեզ և ողջ ժողովրդին, որ մեր բանակի սպաներն ու զինվորները պատրաստ ենք պատվով կատարել ցանկացած մարտական խնդիր, անառիկ պահել հայրենիքի սահմանները և ապահովել ժողովրդի խաղաղությունը»,- նշեց գեներալ-մայորը: