«Զոհերի և վերապրածների ժառանգների առաքելությունն է միավորվել՝ նոր ցեղասպանությունների դեմ պայքարելու նպատակով»
Իտալիայում նախօրեին ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն այցելել է Հռոմի հրեական սինագոգ և դեսպանության անունից ծաղկեպսակ տեղադրել՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իտալիայում հրեական համայնքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը կարևորել է երկու ժողովուրդների վճռական պայքարը ցեղասպանությունների հարցում անտարբերության, երեսպաշտության և ժխտողականության դեմ: Նա նշել է, որ զոհերի և վերապրածների ժառանգների առաքելությունն ու բարոյական պարտականությունն է միավորվել՝ նոր ցեղասպանությունների և ժխտողականության դեմ պայքարելու նպատակով՝ նկատելով, որ ցեղասպանության ոճրագործությունը հերքողները նույնքան հանցավոր են, որքան այն իրականացնողները:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձին` դեսպանն ընդգծել է Նախագահի խոսքերը, որ զոհերի ոգեկոչումն ու նման ոճրագործությունների դատապարտումն անհրաժեշտ են հետագա ցեղասպանություններից խուսափելու համար, և որ պետական մակարդակով ժխտողականությունը «հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ»:
Իտալիայի հրեական համայնքի ղեկավար ներկայացուցիչներն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում