Ս. Օհանյան. Հիմա շատ դժվար է խուսափել բանակում ծառայությունից
Բանակի գործունեությունը տեղում չի դոփում, անընդհատ զարգացող կառույց է: Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ զորավարժություններում բանակի հրամանատարները և շտաբները մշտապես ցուցաբերում են բարձր պատրաստվածություն:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արվում, որ բանակում ծառայեն նաև պաշտոնյաների որդիները, նախարարն ասաց. «Ամեն ինչ արվում է զինված ուժերում արդարությունը, ազնվությունը բարձր մակարդակի վրա դնելու համար, հատկապես համալրման տիրույթում: Հիմա շատ դժվար է տարբեր պատճառներով խուսափել բանակում ծառայությունից»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ադրբեջանական ագրեսիվ կեցվածքին և թե ինչով է այն պայմանավորված, Ս. Օհանյանն ասաց. «Մեր հարևանները փորձում են դրանով իսկ ազդել առաջին հերթին միջազգային կառուցների վրա, որպեսզի ավելի մեծ զիջումների գնանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Չեն հասկանում, որ երկխոսությունն է այն միակ ձևը, որ կարող է բերել խաղաղ, քաղաքական պայմաններով հարցի լուծման, փոխադարձ համաձայնությունները, վստահության մթնոլորտի ստեղծումն է, որը հնարավորություն կտա խոսել, բանակցել, տեսնել, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը: Վստահության մթնոլորտի ձևավորումը կախված է հենց մեզանից, որն իրականացվում է առաջին գծում՝ ստեղծել խաղաղ պայմաններ, հրադադարի պայմանի կատարում, դիվերսիոն հետախուզական գործողություններից զերծ մնալ, միջազգային հետաքննության մեխանիզմներ գտնել: Այդ ամենից մեր հարևանները հրաժարվում են՝ փորձելով միակողմանի ազդել հայկական կողմի վրա»:
Նախարարի դիտարկմամբ, ադրբեջանական գործողություններն ունեն նաև ներքաղաքական նպատակներ. իրենց երկրի ներսում ստեղծված խնդիրներից փորձում են այդկերպ շեղել ուշադրությունը դեպի առաջին գիծ:
«Լարվածությունը մերթընդմերթ սաստկանում է: Հայկական զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը լիարժեք վերահսկում են իրավիճակը, արժանի հակահարված տալիս բոլոր ոտնձգություններին»,-ասաց Ս. Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին