ՀՀ քաղաքացու անձնագրեր են հանձնվել մի խումբ հալեպահայերի
Նախօրեին՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել է ընդունելություն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով ներկաներին է դիմել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Վերջինս շեշտել է Հայոց բանակի անգնահատելի դերը Հայաստանի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում:
Ընդունելության ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագրեր են հանձնվել մի խումբ հալեպահայերի: Իրենց խոսքում նորընծա քաղաքացիները վստահել են, որ բարձր պատվով և պատասխանատվության մեծ զգացումով կկրեն այս նշանակալի և հիշարժան օրը ստացած ՀՀ անձնագրերը: