Բազմազավակ ընտանիքը՝ անհատների օգնության հույսին
Հայաստանի քաղաքացիներ Գայանե Ավետիսյանը և Դյումա Պողոսյանն իրենց 11 երեխայի հետ բնակվում են Արմավիր քաղաքում՝ վարձով: Տանտերը 20 օր ժամանակ էր տվել՝ տունն ազատելու համար։ Ընտանիքը հայտնվել էր անելանելի վիճակում, նույնիսկ պատրաստվում էր նախագահականի մոտ նստացույց անել: Ընտանիքի պատմությանն անդրադարձել էր hetq.am կայքը:
Արմավիրի քաղաքապետարանից Panorama.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք տեղյակ են այս ընտանիքի խնդիրներին, նամակ են ստացել, որը քննարկման փուլում է: Փոխանցեցին, որ այս պահին Արմավիրի քաղաքապետարանը չունի իր ենթակայության տակ գտնվող ժամանակավոր կացարան, որտեղ ազատ սենյակ լինի, հակառակ դեպքում անպայման սենյակ կհատկացվեր բազմազավակ այդ ընտանիքին, ինչպես նաև Արմավիրում այս պահին չկա բնակարանային շինարարության որևէ ծրագիր չի իրագործվում, որպեսզի ընտանիքին ներառի այդ ծրագրում: Նշեցին, որ հնարավորության դեպքում անպայման կօգնեն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ պատրաստ են բարեգործական աջակցություն ցուցաբերել ընտանիքին՝ տրամադրելով սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, հիգիենիկ պարագաներ:
Սակայն մինչև պետությունը որևէ կերպ կփորձի օգնել իր քաղաքացիներին, գտնվել է հովանավոր, ով ընտանիքի համար Աշտարակի շրջանի Ուշի գյուղում տուն է գնել:
Panorama.am-ի հետ զրույցում տիկին Գայանեն ուրախությամբ հայտնեց, որ իրենց տան խնդիրն արդեն լուծվել է. «Գտնվել է հովանավոր, ով մեզ համար տուն է գնել Աշտարակի Ուշի գյուղում: Այն կիսակառույց է, որոշ ժամանակ անց կտեղափոխվենք: Իսկ մինչ այս կշարունակենք բնակվել մեր վարձակալած տանը: Տանտերը տեղյակ է, որ տուն են գնել մեզ համար և մեզ չի հանի այստեղից, մինչև չտեղափոխվենք նոր տուն»:
Հայաստանում արտագաղթի ու ցածր ծնելիության պատճառով դեմոգրաֆիայի խնդիրը սուր է, ուստի զարմանալի է, որ նման ընտանիքները պետության ուշադրությունից դուրս են, մնում են հովանավորների հույսին, իսկ նրանց խնդիրները՝ լրատվամիջոցների լուսաբանմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին