Կարեն Բեքարյան. Վնասների գնահատում կատարելու ժամանակն է
Հայոց ցեղասպանության խնդրի համատեքստում 100-ամյա տարելիցը չպետք է դառնա անջրպետ, սակայն պետք է դառնա պայքարի նոր հանգրվան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Եվրոպական ինտեգրացում ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով նաև իր առաջարկները:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ հայկական կողմը պետք է աշխատանքներ տանի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի հասարակության ուղղությամբ:
«Մենք, իհարկե, պետք է ունենանք վառ արտահայտված աշխատանք դեպի միջազգային հանրություն, միջազգային կառույցներ, բայց բավական մեծ թափով հնարավորինս լավ ծրագրված քայլեր պետք է իրականացվեն նաև հենց դեպի թուրքական հասարակություն: Այդ տեսակետից վերջին տարին կարելի է բավարար արդյունքներ արձանագրած տարի անվանել: Եթե մենք նայում ենք թուրքական մամուլում անդրադարձերը Հայոց ցեղասպանությանը՝ ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելով, դրա մասին տարաբնույթ մտորումներով, դրան առնչվող տարբեր հոդվածների, պատմությունների տպագրմամբ, մենք տեսնում ենք, որ կա այդպիսի գործընթաց, և մեր խնդիրն է մեզ նպաստավոր այդ գործընթացը մաքսիմալ լայնանա: Որովհետև վերջիվերջո մենք պետք է պատկերացնենք մի շատ կարևոր հանգամանք. Թուրքիայի հանրությունից դա փակ է պահվել, եղել է տաբուների ներքո, բայց այնտեղ այսօր դրան առերեսվելը չի կարող իր ուղղակի անդրադարձը չունենալ, միգուցե ոչ այնքան արագ, որքան մենք կուզենայինք, բայց չունենալ պետական քաղաքականության վրա այդ թվում»,- նշեց նա:
Կարեն Բեքարյանը վստահ է, որ 100-րդ տարելիցը չպետք է անջրպետ դառնա. «Ես կարևորում եմ, որ 2015-ը մեր հանրությունը չկապի ինչ-որ անջրպետի հետ, այլ դիտի այն որպես մեր պայքարի հանգրվան՝ ցեղասպանության ճանաչման, դատապարտման, փոխհատուցման, հայրենազրկման ողջ բլոկի հետ կապված, ընդամենը մեկ հանգրվան: Բայց միևնույն ժամանակ կցանկանայի, որ 2015-ը մեր կոնսոլիդացիայի, մեր օրակարգի ավելի հստակեցման, մեր ապագա քայլերի հետ կապված գոնե ինչ-որ հստակություն բերի: Սա էլ մեզանից կախված բան է, և ինձ թվում է, որ տարին պետք է նաև դրանով արժևորված լինի»:
Խոսելով հնարավոր զարգացումների ու ակնկալիքների մասին՝ փորձագետը նշեց, որ թուրքական կողմի առաջին քայլը ձախողվեց. «Ինձ թվում է, որ թուրքական հնարքը՝ ապրիլի 24-ին նշելու Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը, չաշխատեց: Շատ պարզ, ընկալելի արված քայլ էր՝ ուշադրությունը շեղելու ուղղությամբ: Այդ հրավերը կբերի Թուրքիա տարբեր պետությունների ղեկավարներ, բայց լայն կտրվածքով բոլորին պարզ է ու հասկանալի, թե դա ինչի համար արվեց, և անգամ պարզ ու հասկանալի է դրա մեջ անբարոյականության էլեմենտը: Այդ տեսակետից ինձ չի թվում, որ դա ունեցավ այն արդյունքը, ինչ ակնկալում էր ունենալ: Հիմա նորից եմ կրկնում այստեղ շատ բան կախված է մեզանից: 2015-ի հանգրվանից մենք անցում կկատարենք ի՞նչ տանելով դեպի մյուս հանգրվաններ: Օրինակ, կկարողանանք լուծել արդյոք ինստիտուցիոնալ մի քանի խնդիրներ»:
Դրանց շարքում Կարեն Բեքարյանն առանձնացրեց ցեղասպանության հետևանքների վերացման հետ կապված մի շարք հարցեր, որոնց ուղղությամբ պետությունը կարող է քայլեր ձեռնարկել. «Ենթադրենք, պետությունն իր վրա վերցնի և վերջապես ունենա, հիմնի բավականին պրոֆեսիոնալ իրավախորհրդական կենտրոն, որը կաշխատի մեր բոլոր հայրենակիցների ժառանգների, նրանց իրավունքների վերականգնման հետ կապված խնդիրներով՝ թե անհատական, թե խմբային»,- նշեց Կարեն Բեքարյանը` ընդգծելով, որ կենտրոնի աշխատանքներին կարելի է ներգրավել նաև արտերկրի լավագույն մասնագետների:
«Սա կմնա որպես մնայուն և գործունյա էլեմենտ, որի հետ կապված հետագայում մենք շատ արժեքներ կտեսնենք»:
Մեկ այլ ուղղություն էլ, ըստ փորձագետի, ցեղասպանության հասցրած վնասների գնահատումն է. «Ժամանակը չի՞ փորձել աշխարհին ընկալելի լեզվով ու ձևով իրականացնելու վնասների գնահատում: Այստեղ խոսքը միայն նյութական վնասի մասին չէ: Ոչ նյութականը նույնպես բավական բաղկացուցիչներ ու բլոկներ ունի: Այսինքն՝ փորձել իրականացնել այս ամենը` ներգրավվելով դրանում մասնագիտացված համաշխարհային լավագույն կառույցների և մասնագետների, որպեսզի այն ընկալելի լինի: Այստեղ խոսքը չպետք է լինի միայն հարյուրամյակի և Ցեղասպանության հետ կապված, այլ նաև նույն փակ սահմանի: Այսինքն` էլեմենտներ, որոնք մեր օրակարգի մեջ հստակություն և վաղվա մեր անելիքի էլեմենտը կարձանագրեն: Այս առումով շատ կարևոր կլինի, որ այդ հանգրվանը կարողանա դա բերի իր հետ: Կա՞ նման հնարավորություն, ինձ թվում է, իհարկե կա, պարզապես պետք է այն կոնսոլիդացված կերպով կիրառել և օգտագործել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում