Զորիկ Գևորգյանը կդառնար 26 տարեկան
2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ իրականացրեց, որը կանխեց և անձնվիրաբար զոհվեց ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը: Երեկ Զորիկ Գևորգյանի ծննդյան օրն էր: Այս մասին տեղեկացնում է «Հայկական բանակ» ֆեյսբուքյան էջը:
Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով:
Հերոսին շնորհվել է կապիտանի կոչում: Նա կդառնար 26 տարեկան:
Հիշեցնենք, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն գործողություն:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: