«Թուրքիայի կողմից «Հայաստանի բացման» նոր հեռանկարները և Ռուսաստանի մտահոգությունները». Քարնեգի հիմնադրամ
Քարնեգի հիմնադրամի «Եվրասիայի հեռանկար» նախագիծը հրապարակել է հոդված հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որտեղ անդրադարձ է կատարվում թուրք պաշտոնյաների կողմից այս հարցին ունեցած մոտեցումներին ու հայտարարություններին, Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը և քաղաքական քայլերին:
Հոդվածի հեղինակ Պավել Շլիկովի ներկայացմամբ` թուրք-հայկական հարաբերությունները վերջերս թուրքական և համաշխարհային մեդիաների ուշադրության կենտրոնում են, իսկ թուրք պաշտոնյաներն այլևս չեն խուսափում այս հարցով ելույթներ ունենալ: Հեղինակը որպես ապացույց մատնանշում է Լոնդոնում Ահմեդ Դավութողլուի հայտարարությունը, ում խոսքով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են 2015թ-ին:
Ըստ հեղինակի` թուրք գործիչների կողմից վերջերս նախաձեռնված «Պարզապես հիշողություն» հայեցակարգը նպատակ ունի նորովի մոտեցում ձևավորել Հայաստանի և հայերի նկատմամբ: 2014թ-ի գարնանը Ահմեդ Դավութողլուի հրապարակած հոդվածում վերջինս փորձում է Թուրքիայի պատմության վրա ոչ միակողմանի հայացք նետել և հնարավորինս ամբողջական ներկայացնել հայերի ողբեգությունը:
Պ. Շիլկովը Թուրքիայի կողմից «Հայաստանի բացման» նոր ծրագրի մաս է համարում նաև հայկական ծագմամբ Էթյեն Մահչուփյանի նշանակումը վարչապետի խորհրդականի պաշտոնում, ինչպես նաև «Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ» Ստամբուլում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը: Այս շարքին է դասվում նաև Էրդողանի հայտարարությունը` ուղղված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին, որտեղ չնայած Թուրքիայի նախագահը խուսափեց արտասանել «ցեղասպանություն» բառը, սակայն հայերի զանգվածային սպանությունները որակեց որպես «բռնի տեղահանում»:
Հեղինակը կարծում է, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն իսկապես մտադրված են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ ու բացել սահմանները, ինչն ավելի անհրաժեշտ է դառնում հատկապես Հայաստանի` ԵԱՏՄ ինտեգրումից հետո: Այս պարագայում ըստ Շիլկովի` Բաքուն նույնպես ստիպված կլինի որոշակի փոփոխություններ մտցնել Երևանի նկատմամբ տարվող իր քաղաքականության մեջ: Սակայն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար Անկարային խանգարում են մի շարք քաղաքական գործոններ:
Վերլուծելով Հայաստանի և Թուրքիայի նախագահների փոխադարձ հրավերները` հեղինակը որոշակի մտավախություն է հայտնում, որ հարաբերությունները կարգավորելու համար նման զարգացումները բարենպաստ չեն: Շիլկովի գնահատմամբ` Թուրքիան, ինչպես և 2005թ-ին, երբ նշվում էր Ցեղասպանության 90-ամյակը, որոշ քայլեր կկատարի, սակայն դրանք այդպես էլ կարող են անարդյունք մնալ և ձևական բնույթ կրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան