«Մամուլի ազատության ինդեքս-2015». Տարվա ցուցանիշներ
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 180 երկրներում մամուլի ազատության մասին իր ամենամյա «Մամուլի ազատության ինդեքս» 2015 զեկույցը, որտեղ Հայաստանը, ինչպես և նախորդ զեկույցում պահպանել է իր բարենպաստ դիրքը:
«Մամուլի ազատության ինդեքս» զեկույցը կազմվում է հատուկ մշակված հարցաշարի միջոցով: Ստացված տեղեկությունների ամփոփումից հետո ձևավորվում է վարկանիշային աղյուսակը` ըստ վեց հիմնական չափորոշիչների` բազմակարծությունը մամուլում, մեդիա անկախություն, գրաքննություն, ոլորտը համակարգող օրենսդրական դաշտ, թափանցիկություն, ենթակառուցվածքներ:
Զեկույցում նախկին խորհրդային երկրների հետ համեմատած առավել դրական ցուցանիշներ են արձանագրել միայն Հայաստանը` 78-րդ հորիզոնական, Վրաստանը` 69-րդ և Մոլդովան` 72-րդ հորիզոնականներ: Համեմատաբար դրական արդյունքներ ունի նաև Ղրղզստանը` 88-րդ հորիզոնական:
Նկատենք, որ Հայաստանը կազմակերպության փորձագիտական խմբի գնահատականներով, ունի առաջընթացի «նկատելի» ցուցանիշ: Զեկույցում, Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով ավելի նպաստավոր դիրքում է, քան օրինակ ԵՄ անդամ երկրներ հանդիսացող Հունաստանը (91) և Բուլղարիան (106): Հատկանշական է, որ Հայաստանը առաջ է նաև Իսրայելի հետ համեմատած (101):
Հետխորհրդային մյուս բոլոր երկրները զեկույցում ակնհայտ ցածր ցուցանիշներ են արձանագրել: Այսպես` Տաջիկստանը` 116-րդ հորիզոնականում է, Ուկրաինան` 129-րդ, Ռուսաստանը` 152-րդ, Բելառուսը` 157, Ղազախստանը` 160-րդ, Ադրբեջանը` 162-րդ, Ուզբեկստանը` 166-րդ, Թուրքմենստանը` 178-րդ:
Հայաստանը առաջատար դիրքում է նաև Թուրքիայի և Իրանի հետ համեմատած, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար` 149-րդ և 173-րդ հորիզոնականները:
Առավել տխուր պատկեր է արձանագրված Ադրբեջանի մասով:
Ըստ զեկույցի` մամուլի ազատության ցուցանիշնով Ադրբեջանում ակնհայտ անկում է արձանագրվել, որի արդյունքում այն հայտնվել է վատագույն ցուցանիշներ արձանագրած երկրների խմբում: Ադրբեջանի մասով նաև հատուկ զեկույցում նշված է, որ այդ երկրում շարունակվել է անկախ մամուլի ներկայացուցիչներին լռեցնելու, լրագրողներին ձերբակալելու գործընթացը (զեկույցում արձանագրված է ավելի քան 8 լրագրողի և 4 բլոգերի ձերբալակության դեպք), իսկ որոշ լրատվամիջոցներ էլ առհասարակ փակվել են ոստիկանության կողմից: Արդյունքում, ըստ զեկույցի, Ադրբեջանը «ձերբակալված լրագրողների ու բլոգերների թվով Եվրոպայի ամենամեծ բանտն է»:
«Մամուլի ազատության ինդեքս 2015»-ում առաջատար տասնյակը գլխավորում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Հոլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Կանադան, Ջամայկան և Էստոնիան:
Առհասարակ, կազմակերպության գնահատականներով, այս տարի գլոբալ առումով մամուլի ազատության ցուցանիշը ավելի ցածր է եղել, քան նախորդ տարի, ինչը փորձագետներրը պայմանավորել են տեղեկատվական պատերազմներով և մամուլի վրա գործադրվող ճնշումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ