ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է ԻԼԻՊ-ի կողմից Իրաքի մշակութային ժառանգության ոչնչացումը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան խիստ քննադատել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների կողմից Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության ոչնչացումը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ես խորապես ցնցված եմ տեսանյութից, որտեղ ցուցադրվում է Մոսուլի թանգարանի արձանների և արտեֆակտների ոչնչացումը: Դատապարտում եմ Իրաքի հազարամյա պատմության և մշակույթի դեմ դիտավորյալ հարձակումները, ինչպես նաև բռնություններ և ատելություն տարածելը»,-ասվում է Բոկովայի հայտարարության մեջ:
Նրա խոսքով, ԻԼԻՊ-ի գործողությունները խախտում են ՄԱԿ ԱԽ-ի` վերջերս ընդունած բանաձևը, որը դատապարտվում է Սիրիայի և Իրաքի մշակութային ժառանգության ոչնչացումը ու կոչ է արվում միջոցներ ձեռնարկել հնությունների ու մաշկութային արժեքների անօրինական վաճառքը կանխելու համար: Բոկովան նաև դիմել է ԱԽ-ին` Իրաքի մշակութային ժառանգությունը պահպանելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով:
Նշենք, որ տեսանյութում գրոհայինները վայր են գցում քանդակները և գործիքների օգնությամբ ոչնչացնում դրանք: Նրանք, մասնավորապես, ավերել են ասորական մշակույթի գլուխգործոցներից մեկը` Նինվեի թևավոր ցուլին, որը թվագրվում է մ.թ.ա. 9-րդ դարին: