«Աքիլլես». Լուսացույցների ազդանշանների միացման հաջորդականության փոփոխությունը կնվազեցնի վթարների քանակը
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոնը դեռ հինգ տարի առաջ է դիմել ոստիկանությանը՝ Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառել «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդի «կանաչ» ազդանշանը: Ոստիկանությունն ընդառաջել է: Յոթ ամիս աշխատել է այդպես, արդյունքը եղել է դրական, վթարներ չեն գրանցվել: Լրագրողների հետ զրույցում ասաց «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Վթարները հիմնականում հենց այդ ժամանակ են լինում՝ այդ երեք-չորս վայրկյանի ընթացքում, որ լույսը դեղին էր, իսկ հայերն էլ սիրում են դեղին լույսի ժամանակ շարժվել տեղից: Դա հիմնականում ավելի մեծ խաչմերուկներում է արտահայտվում: Սակայն յոթ ամիս անց կրկին փոխեցին այն պատճառաբանությամբ, որ շուտով լինելու են թվատախտակներ, այդ դեպքում այդ փոփոխությունն արդեն անտեղին կլինի: Հինգ տարի էր պետք համոզվելու համար, որ դա էլ չի փրկում»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջապես այս տարվա մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման այդ հաջորդականությունն է կիրառվում:
«Վերջապես վիզ վերցրեցին ու իրականացրեցին այդ քայլը: Կտեսնեք, որ կտրուկ նվազելու են վթարները: Ճանապարհային ոստիկանությունը ներդրեց այդ համակարգը, որպեսզի մի ձևով գոնե նվազեցնեն վթարների քանակը»,- նշեց Է. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը: Վարորդներին հորդորում են երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ