Ոչ աշխատանքային ժամին աշխատանքի վերաբերյալ հաղորդագրությունը բացասաբար է ազդում անձնական կյանքի վրա
Այն մարդիկ, ովքեր աշխատանքային օրվա ավարտից հետո աշխատանքին վերաբերող հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստ են ստանում, հաճախ են զայրանում: Դա կարող է բացասաբար ազդել նաև նրանց անձնական կյանքի վրա: Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Տեխասի համալսարանի գիտնականները յոթ օրվա ընթացքում հետևել են 341 աշխատակիցների: Հետազոտողները պարզել են, թե ինչ զգացում են ունենում մասնակիցները, երբ աշխատանքին վերաբերող նամակ են կարդում օֆիսից դուրս: Աշխատակիցների մեծ մասը բարկացել է: Նման դեպքերում գործընկերոջ հետ խոսակցությունը բացասական երանգ է ունեցել:
Հետազոտողները մասնակիցներին երկու խմբի են բաժանել՝ մարդիկ, ովքեր հստակ տարանջատում են աշխատանքը անձնական կյանքից և մարդիկ, ովքեր մշտապես ցանկանում են տեղյակ լինել աշխատավայրի անցուդարձից:
Առաջին խմբի մարդկանց վրա նման նամակները շատ վատ են ազդել, երկրորդ խմբի մարդիկ էլ բարկացել են, սակայն նրանց անձնական կյանքին դա չի խանգարել:
Մասնագետները խորհուրդ են տալիս որոշ հարցեր քննարկել անձամբ, ոչ թե էլեկտրոնային փոստով: Բացի այդ նրանք խորհուրդ են տալիս ծանրութեթև անել, արժե՞ ոչ աշխատանքային ժամի նման հաղորդագրություն ուղարկել, հա՞րկ է այդ մասին հայտնել, թե՞ ոչ:
Միաժամանակ, աշխատանքի վերաբերյալ ոչ աշխատանքային ժամին լավ նորություն ստանալը ուրախություն է պարգևել մարդկանց, իհարկե, այն երկարատև չի եղել: