Chronicle . «Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը»
Դյուկի համալսարանի Chronicle թերթում Ստեփան Ղազիխանյանը տպագրել է «Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը» հոդվածը, որում պատմում է հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի իրականացրած վայրագությունների, ականատես Երանուհի Ղազանչյան-Նաջարյանի հիշողությունների մասին ու նշում, որ Սենֆորդի դպրոցում զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվելու:
««Մի օր ժանդարմները (Օսմանյան Թուրքիայում ոստիկանները) եկան և մեզ դուրս արեցին մեր տնից: Նրանք մեզ չասացին, թե ուր ենք գնում, միայն վռնդեցին»,-1980-ականների սկզբին ձայնագրված վկայությունների ժամանակ պատմել է ցեղասպանությունը վերապրած Երանուհի Ղազանչյան-Նաջարյանը:
Հոդվածագիրը գրում է, որ Երանուհին և իր երկու քույրերը ընտանիքի միակ փրկվածներ են. երկու տատիկները կենդանի թաղվել են, իսկ հորը ձերբակալել էին ու դրանից հետո երբեք չեն տեսել նրան: Մայրը, եղբայրը և քույրը հազարավոր այլ հայերի հետ միասին քշվել են լեռներ` ստիպված լինելով հարյուրավոր մղոններ քայլել դեպի հարավ`համակենտրոնացման ճամբարներ: Տարհանման ընթացքում նրա մայրը մահացել է լեռներում, իսկ եղբորը գլխատել են: Երեսուն տարի է անցել Երանուհու այս վկայության ձայնագրությունից և հարյուրամյակին մի քանի ամիս է մնացել, սակայն նրա խոսքերը միշտ կհիշվեն:
«Վայրագությունները Երանուհին բնութագրել է որպես հայերի դեմ Օսմանյան կառավարության համակարգված բնաջնջման արշավ: 1.5 մլն հայ զոհվեց դեպի սիրիական Դեր Զոր անապատ մահվան երթի ժամանակ: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Պատմական հայրենիքից հայերին վերացնելու օսմանյան հաջողությունը և դրա վերբերյալ միջազգային հանրության կողմից պակաս ուշադրությունը հագեցրեց 20-րդ և 21-րդ դարերում այլ ցեղասպանությունների` 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայում, Ռուանդայում, Կամբոջայում, Բոսնիայում և Դարֆուրում: Իր սարսափելի գործողությունն արդարացնելու համար Հիտլերն ասել է. «Ո՞վ է այդ ամենից հետո այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
Մեր պարտքն է պատմել հայերի պատմության մասին: Մեր պարտքն է հիշել ցեղասպանության յուրաքանչյուր զոհին և պատվել յուրաքանչյուր վերապրածի: Հիշատակման այդ գործողությունները կարևոր են հետագա ցեղասպանությունները և զանգվածային վայրագությունները կանխելու համար: Դյուկի համալսարանի ուսանողների կողմից հիմնված Հիշողությունների պահպանության կոալիցիայի նպատակն է հիշել 20-րդ և 21-րդ դարերի ցեղասպանությունների զոհերին այնպես, որ այն իմաստալից և պատշաճ լինի ապագա սերունդների համար: Կոալիցիան միավորում է համալսարանի տարբեր համայնքների ներկայացուցիչներին, ովքեր հարգելու են անարդարացի զոհվածների հիշատակը: Մենք պարտավոր ենք «Այլևս երբեք» խոստումը իրականություն դարձնել:
Մենք բոլորին հրավիրում ենք միանալ մեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրման պատմություններ» միջոցառմանը և հարգել զոհերի հիշատակը: Այն կայանալու է մարտի 3-ին Սենֆորդի դպրոցում: Մասնակիցների թվում է նաև Երանուհու թոռը` Ջեֆ Եսենը: Նրանք կպատմեն ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքների պատմությունները: Բնաջնջումների և վերապրածների մասին սարսափազդու պատմություններով մենք կհարգենք ցեղասպանության զոհերին ու վերապրածներին: Միասին մենք հիշում ենք»,-եզրափակել է Ստեփան Ղազիխանյանը: