Կառավարությունն իրավիճակային լուծման է գնացել. Վահրամ Բաղդասարյան
Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Հանրապետական» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, թե այն ընդհանրական է և դրանում ընդգրկված են բոլոր քաղաքական ուժերի մոտեցումները:
«Կառավարությունն իրավիճակային լուծման է գնացել՝ ընտրելով ընդհանրական տարբերակը»,- ասաց պատգամավորը:
Վ.Բաղդասարյանը զարմանք արտահայտեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք քննադատում են ներկայացված նախագիծը, մինչդեռ հենց իրենք էին փաստաթղթավորման բացակայության դեպքում 7-10% դրույքաչափի տարբերակներ առաջարկում:
«ՀՀԿ-ն շարունակում է կողմ լինել պարտադիր փաստաթղթավորման տարբերակին, սակայն առաջարկվող նախագծով կառավարությունը իրավիճակային լուծում է ներկայացնում: Մենք իրավիճակը կարգավորելու համար արեցինք այս քայլին: Եվ ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել Կառավարությանը, Էկոնոմիկայի նախարարությանը, որ հնարավոր եղավ այսքան արագ կատարել ճիշտ հաշվարկներ և ներկայացնել նման նախագիծ»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Անդրադատնալով ՓՄՁ-ների փակման խնդրին, պատգամավորը նշեց, որ գործընկերները խոսում են դրանց փակվելու մասին, մինչդեռ չեն խոսում դրանց վերանվանվելու մասին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք փակվում ու նոր անվանումով են բացվում, որպեսզի խուսափեն հարկերից, հարկային ստուգումներից և մեկ այլ անվան տակ շարունակեն իրենց գործունեությունը:
«Սակայն կգա մի ժամանակ, երբ մենք կդարձնենք շրջանառությունը հիմնական հարկ: Ամբողջ դաշտը պետք է լինի փաստաթղթավորման գործընթացում, հակառակ դեպքում մենք ևս մեր հերթին կստիպենք մարդկանց խուսափել հարկային պարտավորություններից, հանուն ընտանիքի՝ պետությանն ահռելի վնասներ հասցնելով: Պետք է նախ պետությունը զարգանա, որպեսզի հետագայում, այդ ընտանիքները բարեկեցիկ ապրեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առայժմ ՀՀԿ-ն այս օրենքին կողմ կքվեարկի: