Ամերիան և FCC-ը ներկայացնում են ՀՀ-ում առկա սննդային ծագման հիվանդությունների վերահսկման մեխանիզմները
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը շոտլանդական Food Control Consultants (FCC) հայտնի ընկերության հետ համատեղ Հայաստանում իրականացնում է «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:
Ծրագրի շրջանակներում Երևանում այսօր մեկնարկեց «Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում» թեմայով սեմինարը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների մասին հաշվետվության արդյունքները` ներառյալ ներկա իրավիճակի նկարագրությունը և հետագա գործողությունները:
Ինչպես սեմինարի բացմանը նշեց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին սեպտեմբերին և նպատակ ունի աջակցելու Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը:
Ըստ նրա` ծրագրի շրջանակներում ներկայացրել են հիվանդությունների վերահսկման համակարգում առկա թերությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ առաջարկություններ, որոնք կուղղվեն հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացմանը: Բացի այդ, ծրագրի շրջանակներում նախանշել են առաջնային սննդային ծագման հիվանդությունները, ոլորտում առկա ռիսկերը և դրանց բացահայտման և վերլուծության մեխանիզմները:
«Այն հետաքրքիր ոլորտ է, և մեր վերլուծությունների միջոցով փորձեցինք հասկանալ, թե ոլորտում ինչ խնդիրներ, ռիսկեր կան և ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որպեսզի նվազեցնի այդ ռիսկերը: Այսինքն` գործընկերների հետ ոչ միայն փորձել ենք գնահատել ոլորտում առկա ռիսկերը, այլև մշակել ենք հիվանդությունների կանխարգելման համապատասխան քաղաքականություն»,- ասաց Տ.Ջրբաշյանը:
Ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայություններ մատուցած փորձագիտական թիմի ղեկավար Բոյկո Լիկովի խոսքերով` վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում առավել հաճախ հանդիպում է բրուցելոզ հիվանդությունը: «Հիվանդացությունը 60-70 տոկոսով ավելի շատ է Հայաստանում գրանցվում, քան ԵՄ երկրներում: Ուստի մշակել ենք բրուցելոզի դեմ պայքարի համապարփակ ծրագիր»,- ասաց նա:
Փորձագետ Ծիովինար Մելքոմ-Մելքոմյանն էլ նշեց, որ կենդանիների շրջանում առավել հաճախ գրանցվում են բրուցելոզ, սիբիրախտ, էխինակոկ, սալմանելյոզ հիվանդությունները:
Նրա խոսքերով` վերլուծության արդյունքում նախանշել են այն բացերը, որոնք առկա են գյուղատնտեսության ոլորտում: Առաջին հերթին, ըստ նրա, պետք է իրականացվի կենդանիների համարակալում, որպեսզի հնարավոր լինի կանխարգելման միջոցառումներ իրականացնել: Բացի այդ, առաջարկվում է ավելացնել սպանդանոցների թիվը, ստեղծել տվյալների բազա, որպեսզի հնարավոր լինի վերահսկել կենդանիներին: