«Չբերություն, քաղցկեղ. մեր պետական այրերը պետք է մտահոգվելու առիթ ունենան»
«Ցավոք սրտի, Հայաստանում հանքարդյունաբերությունը ծաղկում է, և դա այն հազվադեպ խնդիրն է, որ չենք կարողանում դեմն առնել»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքերով` հանքարդյունաբերության արտանետումների հետևանքով, բնական է, որ կավելանա նաև հիվանդությունների թիվը:
Ծանր մետաղներն անցնելով մարդկանց օրգանիզմ, ինչպես արդեն պարզված է մասնագետների հետազոտությամբ, գերակշիռ մեծամասնությամբ առաջացնում են սրտանոթային և քաղցկեղ հիվանդություններ: Ինչպես նշեց Կ.Դանիելյանը, ուղղակի տագնապալի արդյունքներ են արձանագրվել ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի իրականացրած ուսումնասիրությամբ:
«Սյունիքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում երեխաների մազերում սնդիկ էր հայտնաբերվել. արդեն լուրջ խնդիր է», - ասաց Կ.Դանիելյանը:
Նա նշեց, որ երկու տարի առաջ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետը գիտական ուսումնասիրություն է արել պարզելու, թե ինչ ազդեցություն ունի հանքաարդյունաբերությունը Հայաստանում շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա: Հրավիրված կոնֆերանսի ժամանակ արտերկրի մասնագետներն էլ այլ երկրների ուսումնասիրություններն են ներկայացրել: Հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ այն տարածքներում, որտեղ հատկապես մետաղ պարունակող հանքավայրեր կան, ամբողջ շրջակա միջավայրը հագեցած է ծանր մետաղներով: Բնականաբար, դրանք լուրջ ազդեցություն կունենան թե կանանց, թե տղամարդկանց, թե երեխաների առողջության վրա:
«Այսօր ամբողջ աշխարհում ավելացել են չբերության, քաղցկեղի դեպքերը, նույնը վերաբերում է նաև Հայաստանին, ուստի մեր պետական այրերը պետք է մտահոգվելու առիթ ունենան»,- ասաց Կ.Դանիելյանը:
Մինչդեռ, ըստ նրա, Առողջապահության նախարարությունը փորձում է կյանքի կոչել ալյուրի հարստացման ծրագիրը` պատճառաբանելով, թե բարձր տեսակի ալյուրի մեջ երկաթը, վիտամինները բավարար չեն: Սակայն դրա պատճառը, ըստ բանախոսի, ավելի շատ շրջակա միջավայրի` հատկապես ծանր մետաղներով աղտոտվածությունն է:
«Պետք է բոլորի համար էլ պարզ լինի, որ բոլոր մետաղներն էլ, եթե նորմայից անցնում են, վտանգավոր են: Իսկ ծանր մետաղային աղտոտվածությունը Հայաստանում գերազանցում է թույլատրված նորմերը: Վտանգավոր են հատկապես մոլիբդենի, կապարի, պղնձի, ցինկի կուտակումները, որոնք փոխանցվում են սննդային շղթայի միջոցով»,- ասաց Կ.Դանիելյանը:
Ինչ վերաբերում է պոչամբարներին, բնապահպանը նշեց, որ Հայաստանում արդեն 19 խոշոր պոչամբար կա, որոնք խիստ վտանգավոր են: Վերջերս ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում, որի համաձայն` պոչամբարները այսուհետ կօգտագործվեն որպես տեխնիական հանքավայր: Կ.Դանիելյանի խոսքերով` թերևս սա միակ որոշումն է, որի հետ իրենք համաձայն են:
Այդուհանդերձր, ըստ նրա, հանքարդյունաբերության զարգացումը լուրջ սպառնալիք է մեր երկրի համար` հատկապես ապագա սերունդների ու գենոֆոնդերի վրա այն բացասական ազդեցություն է ունենալու:
«Եթե սրանք էլ գումարենք արտագաղթը, ապա հետևանքները սարսափելի են: Իսկ եթե դրան էլ միանա էկոլոգիական արտագաղթը, ապա չգիտեմ, թե մեզ ինչ է սպասվում: Մարդիկ հասկանում են, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը վնասում է իրենց առողջությունը, իրենց արտադրած գյուղատնտեսական մթերքները ոչ մեկ չի գնի, քանի որ վտանգավոր են, բնական է , որ դրանից հետո նրանք կհեռանան իրենց բնակավայրերից: Իհարկե Աստված ոչ անի, որ դրան հասնենք: Ես հույս ունեմ, որ մենք այդ ճանապարհով չենք գնա»,- նշեց Կ.Դանիելյանը: