«Խոզանոցում ենք ապրում, ոչ զուգարան ունենք, ոչ բաղնիք, թող պաշտոնյաններից մեկը գոնե մեկ ժամ փորձի ապրել»
ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 4-րդ վթարային շենքի բնակիչները: Նրանք կառավարությունից պահանջում են իրենց կամ նոր բնակարանով ապահովել կամ վերաբնակեցնել:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչ Իշխան Հարությունյանն ասաց, որ երեք տարի է խոստանում են իրենց հարցին լուծում տալ, սակայն ոչինչ էլ չեն անում:
«Նախորդ տարի ասացին, որ մեկ շենքի համար բյուջեով գումար են հատկացրել, սակայն գարնան ցրտահարությունից հետո հայտարարեցին, թե այդ գումարը փոխանցել են ցրտահարությունից տուժած համայնքներին»,- ասաց Ի.Հարությունյանը:
Դրանից հետո բնակիչներին վստահեցրել են, որ երեք շենքերի համար գումար կհատկացնեն, բայց վարչապետի փոխվելուց հետո այդ խոստումները նույնպես հօդս են ցնդել:
«Նոր վարչապետն ասաց, որ մինչև 2017թ-ը բյուջով գումար չեն կարող հատկացնել»,- նշեց Ի.Հարությունյանը:
Շենքերը կառուցվել են 1932 թվականին: Կառույցները նախագծվել են որպես հանրակացարաններ՝ առանց կոմունալ որևէ հարմարության: Խորհրդային տարիներին բնակիչներին խոստացել են, որ ժամանակի ընթացքում իրենց կապահովեն նորմալ բնակարաններով, սակայն դրանք մնացել են որպես խոստումներ:
Բնակիչների խոսքերով` Լենուղի գյուղի վթարային շենքի 29 ընտանիքներ հայտնվել են անելանելի վիճակում:
«Եթե դուք տեսնեք, թե մենք ինչ պայմաններում ենք ապրում, կապշեք: Խոզանոցում ենք ապրում, ոչ զուգարան ունենք, ոչ բաղնիք, սարսափելի պայմաններ են: Թող պաշտոնյաններից մեկը գոնե մեկ ժամ փորձի մեր բնակարաններում ապրի: Խայտառակ վիճակ է, խոլերայի բուն է ու մեր երեխաներին էդ պայմաններում ենք մեծացնում»,- ասացին բնակիչները:
Նրանք նաև նշեցին, որ գիշերվա ուժեղ քամուց բոլոր բնակիչները անքուն են մնացել, որ փլվելու դեպքում երեխաներին կարողանան դուրս բերել շենքերից:
«Սպասում են մեկին մի բան լինի, որ նոր տեղներից շարժվեն: Մենք ոչ մի տեղ չենք գնալու, էստեղ էլ մնալու ենք: Կառավարության շեմքի մոտ ավելի անվտանգ է, քան մեր բնակարաններում»,-ասացին բնակիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ