Ի՞նչ զգացումներ է առաջացրել «Լևիաթան»-ը ռուսների շրջանում. հարցում
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը ռուս հանդիսատեսի շրջանում միանշանակ էմոցիաներ չի առաջացրել. նրանց մեկ քառորդը (24 տոկոս) ասել է, որ ֆիլմն իրենց համար միևնույնն է, սակայն հարցվածների նույնքան մասն էլ ասել է, որ հպարտանում ու հիանում են ֆիլմի առաջընթացով: Այդ մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը՝ վկայակոչելով Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի կատարած հարցման արդյունքները:
Հիշեցնենք՝ «Լևիաթան» ֆիլմը Կաննի փառատոնում արժանացել էր մրցանակների, իսկ Օսկարի մրցանակաբաշխությանը ներկայացվել էր որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:
Ըստ հարցման արդյունքների, «Լևիաթան»-ի նկատմամբ զգացումների հարցում չեն կարողացել կողմնորոշվել ռուսների գրեթե կեսը՝ 46 տոկոս, իսկ 24 տոկոսը խոստովանել է, որ ֆիլմի նկատմամբ անտարբեր է: Հարցվածների 9 տոկոսը ֆիլմի նկատմամբ դրական էմոցիաներ ունի, 6 տոկոսին նյարդայնացրել է, 5 տոկոսի մոտ առաջացրել հպարտություն, իսկ 5 տոկոսի մոտ՝ հակակրանք: Սակայն այն, որ ֆիլմը արժանացել է պատվավոր մրցանակների, ռուսներին ստիպում է դրական զգացումներ ունենալ «Լևիաթան»-ի նկատմամբ. 24 տոկոսը հպարտանում է ֆիլմի առաջընթացով, 11 տոկոսը դրական է վերաբերվում, իսկ 5 տոկոսը ֆիլմի համար ամոթի մեծ զգացում է ապրել:
10 ռուսներից 4-ը (40 տոկոս) լսել է ֆիլմի մասին այդ թվում՝ 4 տոկոսը դիտել է այն, 18 տոկոսը պատրաստվում է դիտել, իսկ մյուս 18 տոկոսը չի պատրաստվում դիտել այն: