Կաթողիկե եկեղեցին որոշել է Գրիգոր Նարեկացուն շնորհել վարդապետի կոչում
«17-րդ դարից կա մի փաստաթուղթ, որը ներկայացնում է, թե ինչպես և ով պետք է հռչակի եկեղեցու վարդապետ: Ըստ այդ փաստաթղթի վարդապետ կարող է նշանակել միայն Պապը: Նարեկացին կլինի 36-րդնվարդապետը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոցքի շրջանի ժողովրդապետ Հայր Պետրոս վարդապետ Եսայանը՝ խոսելով Կաթողիկե եկեղեցու՝ Նարեկացուն վարդապետի կոչում շնորհելու որոշման մասին:
«Վարդապետ նշանակվում է այն սուրբը, որն ունի աստվածաբանական մեծ ներդրում, ժողովրդի բարեպաշտության մեջ մեծ ազդեցություն և կարևոր դեր է խաղացել ժողովրդի հոգևոր կյանքի մեջ»,-նշեց նա:
Հանդիպմանը ներկա փիլիսոփա, «Մատյան ողբերգության» թարգմանիչ Աշոտ Պետրոսյանի խոսքով էլ ` Նարեկացին համաշխարհային պատմության մեջ անհամեմատելի մեծություն է:
«Մենք պետք է հասկանանք Նարեկացու արած գործի մեծությունը և ապրենք դրանով. Հայերս պետք է մեծ պարտավորավածություն զգանք, որ մենք էլ ենք կրում այդ անունը: Սուրբը Սուրբ է, անկախ նրանից, նրան ճանաչում են, թե ոչ: Նարեկացին դեռևս իր կենդանության օրոք է սրբացվել, նրան ժամանակին հոգևոր պետերը միշտ էլ պատվիրել են գրել որևէ բան, «Նարեկը» ստեղծվել է միաբանների միության խնդրանքով, որը դարձել է մի ամբողջական գիրք»,-նշեց Ա. Պետրոսյանը:
Հայր Պետրոս վարդապետ Եսայանն ավելացրեց, որ «Նարեկը» թարգմանված է 32 լեզվով և մարդիկ թեկուզ արտասահմանում կարդում և հիանում են դրանով:
Նախորդող հրապարակում՝
Վատիկանում ցանկանում են Գրիգոր Նարեկացուն եկեղեցական դոկտորի կոչման արժանացնել