Ընտանիքներում, որտեղ կա բռնություն, երեխաները` հատկապես տղաները, մեծանում են որպես բռնարարներ. հոգեբան
2014թ-ին «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը թեժ գծով ստացել է 1758 զանգ, որից 1428-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով` ընտանեկան բռնության զանգերից 644 եղել են առաջնային, 784-ը` կրկնվող: Այդ զանգերից 486-ը հոգեբանական բռնության բնույթի են եղել, 150-ը՝ ֆիզիկական, 8-ը՝ սեռական:
Մ.Մարտիորսյանը ներկայացրեց նաև մարզերից ստացված զանգերը: Նախորդ տարի ստացել են 84 զանգ, որից 63-ը վերաբերել են ընտանեկան բռնությանը. «Ցավոք սրտի, ֆինանսական խնդիրների պատճառով մարզերից շատ քիչ ենք այցելուներ ունենում»:
Ի դեպ, կենտրոնին դիմում են նաև արտերկրում բնակվող հայեր. նախորդ տարի նման 8 զանգ են ստացել:
Մ. Մարտիրոսյանը նշեց, որ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն ունի 18 տարվա պատմություն, որի առաքելությունն է կանխարգելել ընտանեկան բռնությունը: Ըստ նրա` հայ կինը լինելով ավանդապաշտ, շատ դժվարությամբ է դիմում կազմակերպություններին, այն էլ այն դեպքում, երբ հայտնվում է անելանելի վիճակում:
«Երբ տարիներ առաջ կանայք նույնիսկ ընտրելու հնարավորություն չունեին և հարմարվում էին այն ամենի հետ, ինչ ընձեռված էր իրենց, ապա 21-րդ դարի կինը դրականորեն փոփոխություններ է մտցնում իր կյանքում: Սակայն կանանց մեծ մասը զանգում է մեզ միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ անելանելի վիճակում է, գործի է դրել իր բոլոր հնարավորությունները՝ բարեկամների, ընկերների աջակցություն, սակայն խնդիրը չի լուծվել»,-նշեց հոգեբանը:
Նրա խոսքերով` բռնության ենթարկված կանայք առաջին հերթին հոգեբանական աջակցություն են ստանում. «Երբ նրանք զանգում են, նրանց հետ առաջին հերթին հոգեբաններն են խոսում, քանի որ նրանց մեծ մասը հուզական ծանր վիճակում են գտնվում»:
Մ. Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենց առաքելությունն է կանխարգելել ընտանեկան բռնությունը, ուստի բոլոր երեխաներին փոքր հասակից պետք է բացատրել, որ ընտանիքում բռնություն չպետք է լինի և եթե երեխաներն իրենց ընտանիքներում տեսնում են նման երևույթներ, ապա մեծանալուց հետո փորձեն զերծ մնալ նման պահվածքից:
«Այն ընտանիքներում, որտեղ կա ջերմ մթնոլորտ, այդ երեխաները հետագայում էլ նույն կերպ են փորձում կառուցել իրենց ընտանիքները, իսկ այն ընտանիքներում, որտեղ կա բռնություն, այդ ընտանիքի երեխաները` հատկապես տղաները, մեծանում են որպես բռնարարներ, իսկ աղջիկները ամուսնալալուց հետո ավելի հարմարվող, զիջող են լինում»,- նշեց հոգեբանը: