«Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը հանդիսանում է նաև ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մաս»
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը, Կորյուն Նահապետյանի նախագահությամբ, նախօրեին անցկացրել է խորհրդարանական լսումներ «ՀՀ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը (իրավիճակը, խնդիրները և զարգացումները)» թեմայով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման տարբեր մարմինների, մարզպետարանների, սահմանամերձ համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ խորհրդարանական լսումները նպատակ ունեն անդրադառնալ ՀՀ-ում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացին, ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին: Ըստ նրա՝ խորհրդարանական լսումների միջոցով կհաջողվի բազմակողմանի, խոր ու համապարփակ կերպով վեր հանել քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա առաջնային խնդիրներն ու բացթողումները, ստեղծել հարթակ՝ շահագրգիռ բոլոր կողմերի գաղափարների ու դիրքորոշումների ներկայացման, կարծիքների փոխանակման ու առաջարկների քննարկման համար:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը նշել է, որ քաղպաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով հանրապետությունում ստեղծված է բազմամակարդակ քաղպաշտպանության համակարգ, որում ընդգրկված են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ: Փրկարար ծառայության տնօրենը մանրամասն ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ Տիգրան Նաղդալյանն իր զեկույցում ընդգծել է, որ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթների շարքին դասվելուց բացի՝ հանդիսանում է նաև ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մաս: Նրա կարծիքով՝ տարածաշրջանում ստեղծված իրողությունները պահանջում են քաղաքացիական պաշտպանության բնագավառում առկա խնդիրների լուծման համար նոր մոտեցումների և մեթոդների կիրառում: Փորձագետն անդրադարձել է նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորման, ոլորտի նկատմամբ իրականացվող ներքին և արտաքին վերահսկողության, բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության, պաշտպանական շինությունների կառուցման ու վերանորոգման, պետական նյութական պահուստի համալրման ոլորտներում առկա խնդիրներին և ներկայացրել դրանց արդյունավետ լուծմանն ուղղված առաջարկներ:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության ուսուցման գործընթացը՝ նշելով, որ համակարգի ներդրումը պետք է կատարվի դեռևս վաղ տարիքում՝ նախադպրոցական տարիքից սկսած: Նա կարևորել է կրթական համակարգում ներդրված համապատասխան ծրագրերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը: Պարոն Մաթևոսյանը ներկայացրել է նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից կազմված մեթոդական ուղեցույցները, դասագրքերը և ուսումնաօժանդակ նյութերը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ Վլադիմիր Հակոբյանը, խոսելով քաղաքացիական պաշտպանության կազմակերպման մասին, նշել է, որ զինված ուժերի առաջնային գործառույթը պետության անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումն է: Իսկ այս հարցի առնչությամբ ԶՈՒ-ի գործառույթը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիների տարհանման, որոնողափրկարարական և այլ միջոցառումներին մասնակցությունն է: Ըստ նրա՝ հակառակորդի հանկարծակի հարձակման և դրա սպառնալիքի, ինչպես նաև մարտական գործողությունների վարման և այլ դեպքերի ժամանակ հմուտ գործողություններ իրականացնելու նպատակով ԶՈՒ-ում պարբերաբար պլանավորվում և իրականացվում են համապատասխան վարժանքներ և ստուգումներ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ներկայացնելով մայրաքաղաքի քաղպաշտպանության ներկա իրավիճակը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները, նշել է, որ անցկացվել են մի շարք միջոցառումներ, շտաբային և տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, ուսուցում են անցել նաև նոր պաշտոնատար անձինք, օբյեկտների ղեկավարներ ու տարբեր մասնագետներ: Ըստ նրա՝ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժինը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ինչի միջոցով էլ իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, կազմակերպվում է ստացված ահազանգերի արձագանքումը՝ համագործակցելով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Երևանի բոլոր հերթապահ ծառայությունների հետ:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանն անդրադարձել է քաղաքացիների անվտանգության մի շարք խնդիրների, որոնք հիմնականում տեսանելի են սահմանամերձ համայնքներում: Ներջինիս կարծիքով՝ այդ համայնքներում գրեթե բացակայում են առաջին բժշկական օգնության հմտություններին տիրապետողները, ինչն աղետների ժամանակ կարող է խնդիրներ առաջացնել: Մյուս խնդիրը, նրա դիտարկմամբ, ապաստարանների ապահովումն է, ինչի առկայության դեպքում կարող են պատսպարվել համայնքների բնակիչները: Պարոն Դանիելյանը, որպես քաղաքացիների պաշտպանության կազմակերպման խնդիր, նշել է նաև մարդկանց տեղեկացվածության ոչ բավարար մակարդակը: Նրա կարծիքով՝ բնակիչներն աղետի ժամանակ պետք է հստակ պատկերացնեն իրենց քայլերի հաջորդականությունը:
Խորհրդարանական լսումների ընթացքում հարցուպատասխանի միջոցով ծավալվել է արդյունավետ և բազմաբովանդակ քննարկում, հրավիրվածները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մտահոգությունները, ինչես նաև նախանշվել են հետաա անելիքները:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ամփոփելով խորհրդարանական լսումները, նշել է, որ լսումների վերաբերյալ կազմվելու է համապատասխան զեկույց, որտեղ ամփոփվելու են ինչպես այսօրվա բանախոսների կողմից ներկայացված զեկույցները, այնպես էլ լսումների մասնակիցների կողմից հնչեցրած գաղափարներն ու տեսակետները, ինչպես նաև ոլորտում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված համապատասխան առաջարկություններ կներկայացվեն լիազոր մարմիններին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին