Ապրիլին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
ՀՀ ՏԿԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը և հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանն այսօր ներկայացրեցին առաջիկայում եղանակային կանխատեսումները:
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ` մարտի 30-ին հանրապետության տարածք Միջերկրական ծովից կներթափանցեն ցիկլոններ, ինչի արդյունքում էլ հորդառատ տեղումներ կլինեն: Լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, իսկ Արարատյան դաշտում` անձրևի տեսքով: Նշվեց նաև, որ ապրիլի առաջին օրերին տեղումները կշարունակվեն, կդիտվի ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ առանձին վայրերում` կարկուտ:
Այսպիսով, ըստ նրա, ապրիլին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ Սյունիքում, Լոռիում և Տավուշում մոտ 15-17 աստիճան ջերմաստիճանի անկում կինի, ցերեկային ժամերին այս մարզերում ջերաստիճանը 0-ից +5-ի սահմաններում կլինի:
Լևոն Ազիզյանն էլ տեղեկացրեց, որ թեև առաջիկա օրերին ջերմաստիճանը Արարատյան դաշտում կնվազի, սակայն կգրանցվի 0-ից բարձր ջերմաստիճան, ուստի ցրտահարության վտանգը փոքր է:
«Արարատյան դաշտում ցրտահարության ռիսկեր չունենք, բայց ցրտահարության ռիսկը կպահպանվի մինչև ապրիլի 20-ը: Եղանակն անկանխատեսելի է, եղել են դեպքեր, որ ապրիլի վերջին ցրտահարություն է գրանցվել»,- ասաց նա:
Նա միաժամանակ նշեց, որ առատ տեղումները բարենպաստ են գյուղատնտեսության համար, տեղումների նորմայից ավելի լինելու դեպքում էլ ջրամբարներն առատ ջրով կլցվեն: