Արխիվներում գտնվել են նյութեր, որոնք փաստում են՝ Գերմանիան տեղյակ է եղել թուրքերի ծրագրին ու չի միջամտել. Ա. Հայրունի
«Վերջին տարիներին գերմանական արխիվներում ի հայտ են եկել կարևոր և բարձարժեք արխիվային նյութեր, որոնք փաստում են, որ Գերմանիայի կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան Թուրքիայի՝ հայերի տեղահանության ծրագրին ու չի միջամտել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին:
Ըստ նրա, այդ փաստաթղթերը հնարավորություն են տալիս բազմաթիվ առանցքային, կարևոր հիմնահարցերի տալ սպառիչ պատասխաններ:
Նա ասաց, որ վերջերս Գերմանիայում մասնակցել է «Գերմանական կայսրությունը և Հայոց ցեղասպանությունը» եռօրյա կոնֆերանսին, որին ժամանակ հետևյալ հարցադրումն է արել՝ կարող էր արդյո՞ք Գերմանիան կասեցնել կամ արգելել Հայոց ցեղասպանությունը առանց Օսմանյան պետության հետ դաշինքը վտանգելու:
«Նման հարցի համար հիմք էր հանդիսացել հայտնաբերված փաստաթղթերը, որոնց հավաստիությունը կասկածի չի կարող ենթարկվել»,- նշեց պատմաբանը:
Միաժամանակ Ա.Հայրունին ասաց, որ առկա փաստավավերագրական նյութերը փաստարկում են այն հանգամանքը, որ եթե Գերմանիան հարկադրեր Թուրքիային հրաժարվել հայերի նկատմամբ իրականացվող իր քաղաքականությունից, դաշինքը ոչ միայն չէր խզվի, այլ չէր վտանգվի, ավելին՝ թուրքական կառավարությունը մինչև հայերի տեղահանությունը սկսելը լրջորեն հաշվի էր նստել այն հանգամանքի հետ, որ Գերմանիան կարող էր արգելել կամ կասեցնել դաշիքնը:
«Թուրքիայում Գերմանիայի դեսպանի վկայությունները կան, որտեղ նշվում է, որ Էնվեր Փաշան մեզ թախանձագին խնդրում է իր ձեռքը չբռնել»,-ասաց Ա. Հայրունին՝ հավելելով, որ սա արդեն վկայում է, որ թուրքական կառավարությունը լրջորեն հաշվի է նստել այս հանգամանքի հետ, բայց դեսպանն ու նրա ղեկավարությունը Բեռլինում ամենևին մտադիր չէին միջամտություն կատարելու այդ հարցում, քանի որ դավանում էին հետևյալ սկզբունքին՝ «մեզ հետաքրքրում էր միայն մեկ բան՝ այս պատերազմում ինչ գնով լինում է ապահովել մեր հաղթանակը»: