ՀՑԹԻ նոր ցուցադրությունում ներկայացվելու են վերջին յոթ տարվա ընթացքում ձեռք բերված հազարավոր նյութեր
Հայոց ցեղասպանության թանգարանում ընթանում են նոր ցուցադրության ձևավորման ավարտական աշխատանքները: Շուրջ 2500 քառակուսի մետր նոր ցուցադրական տարածքի վրա իրականացվել է ահռելի աշխատանք, օգտագործվել են վերջին յոթ տարվա հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նյութեր՝ մի մասը բնօրինակ, մի մասը տպագիր պաստառի տեսքով, մուլտիմեդիոն ցուցադրություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Թանգարանի նոր ցուցադրության դիզայներական աշխատանքն իրականացվել է անվճար: Սա եղել է իմ կամային որոշումը և իմ թիմը համաձայնվել է: Հրաժարվել ենք պարզ հիմնավորմամբ՝ մենք չենք կարող մեծ գումար վաստակել մեր ողբերգությունը ներկայացնելու վրա»,- նշեց նա:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության բացումը լինելու է հենց ապրիլի 24-ին:
Հ. Դեմոյանը տեղեկացրեց, որ ապրիլի 3-ից թանգարանն ընդհանրապես փակ է լինելու, նաև ժամանակավոր ցուցադրությունը՝ նոր ցուցադրության վերջին սրբագրումներն անելու համար:
Հ. Դեմոյանը հայտնեց, որ հունիսին Երևանում տեղի կունենա Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության՝ 2 տարին մեկ անցկացվող հերթական համաժողովը, որին մասնակցելու համար շուրջ 250 հայտ են ստացել, ինչն աննախադեպ է համաժողովի պատմության ընթացքում:
Տարվա ընթացքում թանգարանում բացվելու են այլ ցուցադրություններ ևս: