Rome Reports-ը Վատիկանում ապրիլի 12-ին կայանալիք պատարագին ընդառաջ ռեպորտաժ է պատրաստել (տեսանյութ)
Հայերն աղոթելու համար այցելում էին Հռոմի Վատիկան բլուր դեռևս այն ժամանակ, երբ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցված չէր: Նրանք հերթական անգամ կայցելեն Վատիկան ու կաղոթեն այս տարվա ապրիլի 12-ին: Այդ օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանում պատարագ կմատուցի:
Այդ առիթով իտալական Rome Reports հեռուստաընկերությունն իր ռեպորտաժում արձանագրել է պատմական փաստը. «Դժվար է պատկերացնել մի շրջան, երբ Սուրբ Պետրոսի հրապարակը դեռ գոյություն չուներ: Սակայն հրապարակի կառուցումից դեռ շատ առաջ ուխտագնացներն այցելում էին այստեղ՝ Սուրբ Պետրոսի մասունքների առաջ աղոթելու համար: Ուխտավորների թվում հազարավոր հայեր են եղել, որոնք ճանապարհորդել են Հռոմ: Իրականում անգամ հյուրատուն է եղել հայ այցելուների համար»:
Ռեպորտաժում տեղեկացվում է, որ թեև հայերի համար նախատեսված հյուրատունը փակվել է և դարերի ընթացքում անհետացել, սակայն հարյուրավոր տարիներ անց գտնվել է այդ հյուրատան գլխավոր խորհրդանիշը՝ հայկական խաչքարը:
«Այդ տան համար պատասխանատու քահանան խաչքար է դրել մուտքի մոտ: Դա ավանդական հայկական նախշերով խաչքար էր»,- Rome Reports-ը ներկայացրել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանի պարզաբանումն ու տեղեկացրել, որ նշված խաչքարը հայտնաբերվել է և 2014 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել Վատիկանի թանգարանների մշտական ցուցադրությունում:
«Բացի հայերեն գրությունից՝ կար նաև լատիներեն արտահայտություն, որտեղ նշված էր. «Այս խաչն օծվել է»»,- ռեպորտաժում 1246 թվականի թվագրմամբ խաչքարի մասին պատմում է Միքայել Մինասյանը:
Այնուհետև նյութի հեղինակն արձանագրել է, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է:
«Հաճախ հայ ժողովուրդը հալածանքների է ենթարկվել այդ պատճառով: Այնպես, որ այս խաչքարը պարզապես նվիրումի մասին չէ, այլ քրիստոնեության, պատմության, հավատքի և համառության մասին»,- նշվում է ռեպորտաժում:
Ռեպորտաժի հեղինակն հիշեցնում է ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվելիք պատարագի մասին և մեջբերում Միքայել Մինասյանի խոսքը. «Այս խաչքարը տեղադրվել է մի վայրում, որտեղ հայերը կանգնում էին և աղոթում Սուրբ Պետրոսի շիրիմի առաջ: Այժմ այն վերադարձվել է Հռոմ՝ Վատիկանի թանգարաններ: Ապրիլի 12-ին հայերը կրկին կլինեն այստեղ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար»,- ասում է նա:
Նյութի հեղինակը տեղեկացնում է, որ այսօր հայկական խաչքարը ցուցադրվում է Սիքստինյան կապելայի մոտակայքում գտնվող «Ուրբան Յոթերորդ Պապ» ցուցասրահում:
Լուսանկարը` ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Նախորդիվ`
ՀՀ նախագահը մասնակցել է Վատիկանյան թանգարաններում հայկական միջնադրարյան խաչքարի բացմանը (լուսանկարներ)
Իտալական մամուլը Հայաստանի նախագահի` Սուրբ Աթոռ կատարած այցի մասին
Կարդինալ Ջանֆրանկո Ռավազի. Հայկական խաչքարերը, ձեռագրերը, եկեղեցիները բղավում են ձեր մշակույթի մասին
Ընդդեմ հիշողության կորստի. Դու ճանաչո՞ւմ ես ինձ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում