«Պահանջված մասնագետ է». ՀԱԿ նախկին անդամը Ռազմական ոստիկանությունում բարձր պաշտոն է ստացել
Հայ Ազգային կոնգրեսի նախկին անդամ Աշոտ Զաքարյանը, որը Երկրապահ կամավորական միության անդամ է, օրերս նշանակվել է Ռազմական ոստիկանության Սիսիանի կայազորի պետ: Այդ մասին Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության տարածած տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց Երկրապահ կամավորական միության Շիրակի մարզային կառույցի խորհրդի նախագահ Յուրի Ալեքսանյանը:
«Անկախ իր քաղաքական հայացքներից, բայց դա նախկինում է եղել, լուրջ մասնագետ էր՝ Ֆրանսիայում ավարտել է ժանդարմեայի ակադեմիան, ինքն այսօր պահանջված մասնագետ է երկրի համար: Նախկինում ջոկատի հրամանատար էր, արցախյան ազատամարտի բովով անցած տղա է», -մեզ հետ զրույցում Զաքարյանին այսպես ներկայացրեց Յուրի Ալեքսանյանը:
Աշոտ Զաքարյանը 2002-ին ղեկավարել է Ռազմական ոստիկանության Գյումրիի կայազորը: 2003 թվականի նախագահական ընտրություններում, երբ ընդդիմության միասնական թեկնածուն Ստեփան Դեմիրճյանն էր, պաշտպանել է նրա թեկնածությունը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լքել է պաշտոնը և դարձել ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ: 2004 թվականին ընդդիմության Գյումրիում կազմակերպած հանրահավաքից հետո ձերբակալվել է, շուրջ երկուսուկես ամիս անցկացրել բանտում:
Աշոտ Զաքարյանը 2008 թվականի նախագահական ընտրություններում աջակցում էր Հայ Ազգային կոնգրեսի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը և Գյումրիում ՀԱԿ կառույցի պատասխանատուն էր: ՀԱԿ-ից դուրս էր եկել այն բանից հետո, երբ սկսվեց ԲՀԿ-ի հետ համագործակցությունը: Վերջին տարիներին քաղաքական ակտիվ գործունեություն չի ծավալել, ղեկավարել է «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Ալեքսանյանը հստակեցրեց. «Էնպես չէ, որ այսօր բոլորը գոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից: Հետո էլ ինքը իշխանություններին չի ծառայում, այլ ծառայում է երկրին: Հետո էդ ինչ է եղել, որ՝ քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ, չկան հավերժ թշնամիներ, դուք ինձանից լավ գիտեք: Այսօր այդ մարդը պահանջված մարդ է: Ոտքի վրա է, առողջությունը ներում է: Երկրին պետք է և իր ուժերը կներդնի բանակի կայացման գործին»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ