Comedy Club-ի հայազգի հիմնադիրը կղեկավարի «Գազպրոմ Մեդիա» հոլդինգի 4 հեռուստաալիքներ
«Գազպրոմ Մեդիա» հոլդինգը մարտի 30-ին հայտարարել է ժամանցային հեռուստատեսության ստեղծման մասին, որի մեջ ընդգրկվելու են հոլդինգի 4 հեռուստաալիքներ՝ ТНТ, ТВ-3, «Пятница» և «2х2»: «Գազպրոմ Մեդիա» հոլդինգ-ի մեջ ընդգրկված է նաև НТВ-ն: Բացի այդ, հոլդինգը ղեկավարում է «НТВ +» արբանյակային օպերատորին, որը թողարկում է սպորտային ալիքներ:
Հոլդինգի միավորված ժամանցային ալիքները ղեկավարելու է հայազգի Արթուր Ջանիբեկյանը, որը Comedy Club Production-ի համահիմնադիրներից մեկն է, գրում է РБК-ն:
Comedy Club Production-ը ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումների արտադրողն է:
«Գազպրոմ Մեդիա» հոլդինգի շրջանակներում ժամանցային հեռուստաալիքների ստեղծման մասին հայտարարվել էր ավելի վաղ՝ 2014-ի սկզբին: Նախորդ տարվա փետրվարին հոլդինգի փոխտնօրեն էր նշանակվել Վլադիմիր Խանումյանը, որը համակարգել է բոլոր հեռուստաալիքների գործունեությունը, բացի НТВ-ից: Սակայն արդեն 2014-ի վերջին Խանումյանը, ըստ աղբյուրի, դադարեցրել է իր պատասխանատվությունը հեռուստաալիքների նկատմամբ: Այդ ժամանակ ТВ-3, «Пятницы» և «2х2»-ի գործունեությունը համակարգող ProfMedia Business Solutions ընկերությանը ղեկավարությունը ստանձնել է Վլադիմիր Չոպովը ТНТ-ի հետ միասին:
Ինքը՝ Ջանիբեկյանը, ինչպես նաև «Գազպրոմ Մեդիա» հոլդինգի մամլո խոսնակ Իննա Մոսկալյովան հրաժարվել են մեկնաբանություններից: