Կարլ Լագերֆելդի կատուն մեկ տարում 3 միլիոն եվրո է վաստակել
Դիզայներ Կարլ Լագերֆելդի Շուպետ անունով կատուն 2014-ին 3 միլիոն եվրո է աշխատել: Լենտա.ռու կայքի տեղեկացմամբ, դիզայներն ասել է The New York Magazine-ի հարցազրույցում:
Անցյալ տարի Շուպետը մասնակցել է Opel Corsa ավտոմեքենայի և Shu Uemura ճապոնական կոսմետիկայի բրենդի գովազդային արշավներին: Լագերֆելդն ասել է, որ չի թույլատրել, որպեսզի կատվին նկարահանեն սննդամթերքի և առարկաների գովազդում:
Դիզայներն ասել է, որ իր կատուն ատում է մյուս կենդանիներին ու երեխաներին: 2014-ին լույս էր տեսել «Շուպետ. Բարձր թռիչքի նորաձև կատվի անձնական կյանքը» գիրքը: Աշխարհի ամենահայտնի կատուներից մեկի կենսագրությունը գրել էին Պատրի Մորյեն և Ժան-Քրիստոֆ Նապյան: Շուպետը բիրմայական կատու է, այն Լագերֆելդի մոտ է հայտնվել 2012-ին: Նրա տարիքը, նորաձևության աշխարհի կանոններով,գաղտնի է պահվում: Ենթադրաբար Շուպետը 4-7 տարեկան է: